Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, լավարկմանը, եղած «բացերը» լրացնելու կառավարության ջանքերը՝ մասնավորապես ԱԺ-ում առաջին ընթերցում անցած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի տեսքով, ինչպես և սպասելի էր, արժանանում են որոշ շահագրգիռ խմբակների ոչ ադեկվատ արձագանքին։ Նախագծի շուրջ քննարկումները, այդ թվում՝ ԱԺ-ում օրերս տեղի ունեցած լսումները, նկատենք, ընթացան մանիպուլյատիվ քարոզչաթեզի ուղեկցությամբ, թե՝ խնդրո առարկա նախագծով կառավարող ուժը հող է նախապատրաստում գալիք ընտրություններում վերարտադրվելու համար՝ սահմանելով արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ ընտրությունների արդյունքները չեղարկելու կարգավորումներ։
Նկատենք, որ նախագծով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում Օրենսգրքի մի շարք՝ մի քանի տասնյակ հոդվածներում, իսկ կից ներկայացված հիմնավորման մեջ էլ հանգամանորեն ներկայացված է առաջարկվող լրացումների և փոփոխությունների անհրաժեշտությունը։ Մասնավորապես արտակարգ և ռազմական դրության ժամանակ ընտրությունների կազմակերպման առնչությամբ հիմնավորումը սա է. «Սահմանադրությունը, ինչպես նաև Ընտրական օրենսգիրքն արգելում են ընտրությունների նշանակումն ու անցկացումը արտակարգ և ռազմական դրության պայմաններում։
Ներկայումս Ընտրական օրենսգիրքը կարգավորում է միայն ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակման, ինչպես նաև ընտրություններ նշանակելուց հետո անհրաժեշտ գործողությունների իրականացման հետ կապված ժամկետների հարցը։ Սակայն ընտրություններ նշանակվելուց հետո կամ քվեարկության օրվանից հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կարգավորված չեն ընտրական գործընթացի իրականացման հարցերը։
Նախագծով կարգավորվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրությունների անցկացման հետ կապված հարաբերությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական կամ արտակարգ դրությունը էականորեն կարող է փոխել երկրում տիրող իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական իրավիճակը, ուստի առաջարկվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ընտրական գործընթացը դադարեցնելու կամ կասեցնելու մոդելները, իսկ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ընտրական գործընթացը կամ վերսկսելու, կամ կրկին սկսելու վերաբերյալ կարգավորումներ՝ հնարավորություն տալով հաշվի նստել նոր իրողությունների հետ»։
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, լսումները նախագահող ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ամփոփիչ խոսքում փաստեց՝ Ընտրական օրենսգիրքը ընդհանուր խաղի կանոններն ապահովելու համար նախատեսված միջոց է, և այդ կանոնները պետք է ընդունելի ու հասկանալի լինեն բոլորի համար, հեշտ և հստակ՝ իրականացնելու տեսանկյունից։
Պատգամավորն այնուհետ անդրադառնալով քննարկման ժամանակ «կարմիր թելով» անցած մտահոգությանը՝ արտակարգ և ռազմական դրության հայտարարման և ընտրությունների «անցանկալի արդյունքների» իբրև թե չեղարկման վերաբերյալ՝ շեշտեց. «Հավատացնում եմ ձեզ, առնվազն այս դահլիճում ես չեմ տեսնում որևէ մեկին, որ ցանկություն ունի այս կարգավորումներով վերարտադրել ինչ-որ մեկի իշխանությունը ապօրինի, հակասահմանադրական եղանակներով։ Ո՛չ, մենք փորձում ենք հասկանալ, ինչպե՞ս երաշխավորենք քաղաքացու քվեն՝ տարատեսակ ներքին և արտաքին մանիպուլյացիաներից, որովհետև ի վերջո ընտրական գործընթացը հանգում է քաղաքացու քվեն հարգելուն։ Ինչպե՞ս ենք հարգելու այդ քվեն, եթե քվեարկությունն ավարտվել է, եթե արդյունքները կարող են ամփոփվել, եթե ընտրությունների արդյունքում կարող է ձևավորվել նոր իշխանություն, ապա ինչու ենք մենք խոչընդոտում այս գործընթացը։ Եվ հակառակ գործընթացը. պատկերացրեք, որ մենք ունենք իրավիճակ, երբ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում քաղաքացին պարզապես հնարավորություն չունի իր ազատ կամարտահայտությունն իրականացնելու, ինչպե՞ս հանդուրժենք այս իրավիճակը։ Մենք պետք է շատ նուրբ բալանս գտնենք այստեղ: Իհարկե, կա շատ ավելի հեշտ և շատ ավելի պրիմիտիվ տարբերակ, եկեք հանենք այն բոլոր կարգավորումները, որոնք վերաբերում են արտակարգ և ռազմական դրությանը, արդյոք սա ավելի բարվոք վիճակի կհանգեցնի՞ մեր ընտրական օրենսդրությունը։ Իմ կարծիքով՝ սա լավագույն լուծումը չի կարող լինել»։
Կառչելով հատկապես ռազմական և արտակարգ դրության վերաբերյալ կարգավորումներից՝ նախագիծը կրքոտ քննադատության են ենթարկում, կառավարության ազնվությունն էլ կասկածի տակ են առնում հատկապես այն քաղաքական (այլևս) խումբ-խմբակները, որոնց կառավարման օրոք, նկատենք, Ընտրական օրենսգրքում նույնպես արմատական փոփոխություններ են կատարվել, սակայն դրանց արդյունքում ոչ թե ընտրական գործընթացն է կատարելագործվել ու դարձել ավելի բարվոք ու վստահելի, այլ բարվոքվել, կատարելության են հասցվել ընտրական զեղծարարության հնարքները։
Մասնավորապես ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության (վերջինս չէր մասնակցում լսումներին և որևէ առաջարկ չի ներկայացրել նախագծի վերաբերյալ) պատգամավոր Աննա Մկրտչյանի բերանով ցեխ է լցրել Կառավարության նախաձեռնության վրա։ Թե. «Նիկոլն այս ընթացքում ՀՀ իրավական համակարգն այնպես է ջարդել ու ճկել այն տրամաբանությամբ, որը հնարավորություն կտա իրեն առանց լրացուցիչ ջանքերի նկարել այն արդյունքները, որոնք իրեն պետք կգան։ …2021 թվականի ընտրությունները վախի, չագուչի տրամաբանության մեջ անցան, հիմա ինչ-որ նոր բան է, չէ՞, պետք մտածել… Պետք է մի հատ նոր Ընտրական օրենսգիրք, որի բոլոր կետերը գրված են Նիկոլի ցանկությամբ, Նիկոլի համար ընտրական գործընթացը կազմակերպելու հարմարավետությամբ: …Սրանց հետ մեր խմբակցությունը շարունակում է որևէ քննարկում չունենալ, որովհետև երբ մեր պետությունը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, երբ ՀՀ-ում մարդու իրավունքները ոտնահարված են այն աստիճան, որ ինչ դատարան, ինչ դատախազ, այլևս տարանջատում չկա դատախազի ու դատարանի… այս շրջանակներում գնալ ու ձևացնել, թե այ Ընտրական օրենսգրքի այս մի կետի փոփոխությունը հայ հասարակության կյանքում էական բարելավումներ կբերի, դա ցինիզմ է, անազնվություն է: Իսկ մենք այդ հնարավորությունը մեզ թույլ տալու իրավունք չունենք: Հիմա մեզ անկեղծ ու ազնիվ պայքար է պետք»:
Տիկին Մկրտչյանի այս՝ ինքնակենսագրական հիշեցնող զեղումը մեզ մոտ դեժավյու հարուցեց, մտովի տեղափոխվեցինք նրա կուսղեկ Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, երբ «պալատական իրավագետների» կողմից գրվեց ու 2016-ին ԱԺ-ի կողմից դակվեց 2017-ին ՀՀԿ-ի վերարտադրությունն ապահովելու նպատակով գրված Ընտրական օրենսգիրքը (դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը), իսկ նախքան այդ էլ էլի նույն՝ պալատական իրավաբան-կուտյուրեների կողմից «կարվեց» Սերժ Սարգսյանի «հագով» Սահմանադրությունը։
Ասում են՝ այս երկու իրավաբանական ավանտյուրաներով տեղի ունեցած քվեարկությունից հետո նույնիսկ «սիլիկոնային հովտի» համապատասխան մասնագետներն էին գլուխ կոտրում, թե ինչ հմտությամբ է տեղի ունենում ընտրական թվանկարչությունը՝ «ինչքան ուզես, էդքան էլ խփեմ»-ի տրամաբանությամբ։ Տիկին Մկրտչյանին թերևս պետք է հորդորել Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դարդով տապակվելու փոխարեն վերհիշել, թե ինչ հանգամանքներում է նրա ներկայացրած կուսակցությունը հայտնվել գործող ԱԺ-ում՝ 5-ից մի փոքր ավելի տոկոս հավաքած «Պատիվ ունեմ» դաշինքի (2022-ին փլուզված) միջոցով։
Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը, նկատենք, երկու անգամ իրականացրել են համապետական ընտրություններ և ապացուցել հայտնի թեզը՝ նույնիսկ վատ օրենսգրքով կարելի է ազատ ու չկեղծված ընտրություններ կազմակերպել, խնդիրը ոչ թե օրենքի մեջ է, այլ՝ օրենքը կիրարկողի։
(Հիշեցնենք՝ նույն Նիկոլ Փաշինյանի օրոք 2021-ի արտահերթից առաջ էլ տեղի ունեցան հերթական փոփոխությունները Ընտրական օրենսգրքում)։
Ի դեպ, ՊՈՒ-ական պատգամավորի խոսքում անհնար է չորսալ վերջինիս «խայթոցը» «Հայաստան» խմբակցության հասցեին, թե՝ «ցինիզմ ու անազնվություն է» «գնալ ու ձևացնել, թե այ Ընտրական օրենսգրքի այս մի կետի փոփոխությունը հայ հասարակության կյանքում էական բարելավումներ կբերի»։ Հայաստանականներից ոմանք՝ այդ թվում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, մասնակցում էին լսումներին, վերջինս ելույթով հանդես եկավ՝ ընդհուպ խախտելով ելույթի համար սահմանված տևողությունը (Վարդանյանը մի քանի անգամ ստիպված էր թախանձել՝ «ավարտե՛ք»): Ավելին՝ հիշյալ խմբակցությունը ծավալուն՝ ավելի քան 14-էջանոց առաջարկություն է ներկայացրել օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Հանրությունը էդպես էլ չիմացավ՝ Փաշինյանն էր ճի՞շտ՝ նախկինները պատերազմը նրա «ջեբը քցեցին», թե՞ …
Բոլորը սպասում են «մոլլապետության ինքնափլուզմանը»
Փաշինյան – Պուտին հանդիպում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգում