Մարտի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ քննարկվել է Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հեռանկարը, նաև խոսվել է ռեգիոնալ հարցերի մասին:
Կառավարության պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման բանակցային ընթացքի մանրամասները և հայտնել, որ պայմանագիրը սպասում է ստորագրման:
Հայկական կողմի հաղորդագրությունը բավականին համեստ է: Կունենա՞ ԱՄՆ պետքարտուղարը նաև հեռախոսազրույց Իլհամ Ալիևի հետ: Փաշինյանի հետ հեռախոսազրույցը փաստացի առաջինն է ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնամուտից ի վեր:
Մարկո Ռուբիոն հայտարարություն էր տարածել հայ-ադրբեջանական պայմանագրի համաձայնեցման մասին տեղեկատվությունից հետո՝ ողջունելով համաձայնեցումը և խոսելով հնարավորինս արագ ստորագրման անհրաժեշտության մասին:
Դոնալդ Թրամփի վարչակազմից Ռուբիոն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ հաղորդակցվում է Երևանի հետ, համենայն դեպս պաշտոնապես հրապարակավ: Ադրբեջանի հետ օրեր առաջ կապվել էր Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ուոլցը, որը, ի դեպ, հայտնվել է տեղեկատվական սկանդալի կենտրոնում, այն բանից հետո, երբ փաստացի նրա պատճառով արտահոսել են մանրամասներ Եմենի հութիներին ԱՄՆ հարվածների վերաբերյալ:
Ուոլցը հայտնել էր, որ խոսել է Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի հետ: Թրամփի խորհրդականը փաստորեն հետո չի կապվել նաև Երևանի հետ: Կարո՞ղ է լինել «աշխատանքի բաժանում»՝ Ուոլցը կապվում է Բաքու, Ռուբիոն՝ Երևան:
Դժվար է ասել, որովհետև ի վերջո Ուոլցի և Ռուբիոյի կարգավիճակները նույնական չեն: Բոլոր դեպքերում էականն այն է, թե արդյո՞ք Նահանգներն անմիջական հետաքրքրություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրով, թե՞ ավելի շուտ հետաքրքրված է ռեգիոնալ ընդհանուր իրավիճակով և զարգացման միտումներով, առայժմ այսպես ասած՝ թեմայի մեջ մտնելու համար:
Ի դեպ, հատկանշական մեկ այլ հանգամանք է այն, որ ԱՄՆ պետքարտուղարը Երևան է զանգահարել այն օրը, երբ Հայաստանում է նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Սա, իհարկե, բավարար հիմք չէ եզրակացնելու, որ Ռուբիոն կարող էր հենց այդպես էլ պլանավորել հեռախոսազանգը, գուցե հայ-իրանական շփումների վերաբերյալ էլ իրազեկվելու հնարավորության համար, բայց բոլոր դեպքերում հանգամանքը ուշագրավ է, որ Երևան նրա առաջին հեռախոսազանգը փաստորեն զուգադիպել է Իրանի արտգործնախարարի Երևան կատարած դարձյալ առաջին այցի հետ:
Թեհրանից հյուրն ու զանգը Վաշինգտոն՝ զուգադիպություն, թե՝ օրինաչափություն է, պարզ կդառնա առաջիկա գործընթացներից ․․․

Բաց մի թողեք
Իտալիան ցանկանում է, որ ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքները պահպանեն վերահսկողությունը արտաքին քաղաքականության նկատմամբ
Ռումինիայի քաղաքական ճգնաժամում 6-ամսյա զինադադար է հաստատվում՝ նոր կառավարության ձևավորմամբ
AfD-ից Ալիս Վայդելը կներկայացնի ԵՄ-ի կրճատման ծրագիրը. Լուսանկար