Տավուշում արդեն 2-րդ օրն է՝ սակրավորները տարածքից հայտնաբեևրված զինամթերքի պայթեցման աշխատանքներ են իրականացնում։
ՊՆ-ն նախապես բնակչությանը կոչ էր արել ընդունել ի գիտություն, քանի որ դա կարևոր քայլ է՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացն իրականացնելու համար։
Տավուշեցիները պայթյուններից խուճապահար չեն եղել։ MediaHub-ի հետ զրույցում աճարկուտցի Կարեն Ղազարյանն ընդգծեց՝ «սահմանազատման շղարշի տակ Հայաստանը պատրաստվում է հերթական զիջումներին»։
Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին և դրա համար գործուն քայլեր է կատարում, Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի ինտենսիվ է դարձրել Տավուշի ուղղությամբ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները։ Ավելին, բնակիչները կուտակումներ են նկատել։
«Զորքի կուտակումներն անձամբ եմ տեսել։ Բավականին շատ զինվորականներ են կուտակվել սահմանային հատվածում։ Խոսակցություններ կան, որ նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումների ակտիվ տեղաշարժ կա։
Երեկվանից Իջևանի մաս կազմող Ազատամուտ-Կայանավան-Այգեհովիտ գյուղերի տարածքում տեղի է ունենում սահմանից հանված ականների պայթեցման աշխատանքներ։ Զիջումների համար գրեթե ամեն ինչ արված է, կհանձնվի «Վերին Ոսկեպար» կոչվող տարածքը, որը ԽՍՀՄ բռնակցման տարիներին բնակեցված է եղել կովկասյան թաթարներով։
Ոսկեպարը հանձնելով՝ Լոռու մարզը կդառնա սահման, իսկ Աճարկուտ գյուղը ընկնում է երեք կողմից շրջափակման մեջ»,- իր մտահոգությունները հայտնեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, հայկական կողմը կզիջի նաև Բարխուդարլու և Սոֆուլլու կոչվող տարածքները, որից հետո Կայանավան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը կկորցնեն տրանսպորտային կապը մարզկենտրոն Իջևանի հետ։
«ՀՀ իշխանությունն «իրական Հայաստանի» անվան տակ Հայաստանի Հանրապետությունը դնում է ողորմելի վիճակի մեջ։ Այսպիսով, Ադրբեջանը կվերահսկի Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի մոտ 70 կմ հատվածը։
Շամշադին կարող են գնալ Գանձաքար-Իծաքար սարերի ճանապարհով, Բերդի տարածաշրջանը մնում է բլոկադայի մեջ։ Կամաց-կամաց Հայաստանը կնմանվի Արցախի ճակատագրին։ Մինչև ուշքի գանք արդեն ուշ կլինի»,-հավելեց Ղազարյանը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է հերքել թշնամի Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրենց ուղղությամբ կրակ են բացել:
Նույն ՊՆ-ն այս օրերի ընթացքում այդպես էլ հաղորդագրություն չտարածեց այն մասին, որ ադրբեջանցիները կրակում են ՀՀ բնակավայրերի ուղղությամբ, որի ապացույցն են վնասված տանիքները մեր գյուղերում: Փոխարենը ՀՀ ՊՆ-ն ամեն հաղորդագրության մեջ, հերքելով Բաքվի ստերը, հիշեցնում է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»:
Բաց մի թողեք
Թրամփի պաշտոնյաներին չեն հետաքրքրում ԵՄ դաշնակիցների կարծիքները. NYT
Սյունիքում կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում
ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը