08/06/2025

Նոր պատերազմը՝ Ղազախստանում, որտեղ հասկանում են՝ ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ

Ղազախստանը Սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, հավանություն է տվել «Ղազախստանի Հանրապետության տարածքային պաշտպանության մասին» օրենքին: Այդ մասին հաղորդում է Kazinform լրատվական գործակալությունը:

Ըստ այդմ՝ օրենքն ընդունվել է կից հավելվածներով հանդերձ, որ, ինչպես սենատոր Սարիբաևն է ասել, ուղղված են տարածքային պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորմանը, զորակոչային պատրաստության բարձրացմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովմանը:

Հիմնական օրենքը տարածքային պաշտպանությունը սահմանում է որպես պետության պաշտպանության առանձին համակարգ, որը կազմավորվում և գործում է պետական ֆինանսավորմամբ:

Այն նախատեսում է ստեղծել տարածքային զինվորական ստորաբաժանումներ և կառավարման մարմիններ: Օրենքը սահմանում է «կամավորական» և «ինքնապաշտպանության կազմակերպում» իրավական հասկացությունները, ամրագրում տարածքային պաշտպանության ոլորտում Ղազախստանի նախագահի, պետական կառավարման մարմինների լիազորությունները, սահմանում, որ այդ ինստիտուտներն «ուղղակի հաշվետու են կառավարությանը և ենթարկվում են Հանրապետության նախագահին»:

Օրենքը նախատեսում է ստեղծել «տարածքային զորքեր, որոնց կազմի մեջ կմտնեն ուժային կառույցները, հատուկ կազմավորումները և կամավորականները»: Ինքնապաշտպանության ուժերի կամավորականներից կազմված առանձին ստորաբաժանումները «կարող են ընդգրկվել Զինված ուժերում՝ մարտական առաջադրանք կատարելու նպատակով»:

Դիտարժան է, որ օրենքի ընդունումը նախաձեռնել է Ղազախստանի կառավարությունը՝ ի դեմս պաշտպանության նախարարության:

Սենատում օրինագծի քննարկումներին որպես կառավարության լիազոր ներկայացել է պաշտպանության փոխնախարար Քամալետդինովը, որի գնահատմամբ՝ «ռազմագիտությունը զարգանում է աշխարհում, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում», ինչից ելնելով Ղազախստանի կառավարությունը «հասկանում է, որ ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ, և ամեն ինչ չէ, որ հնարավոր է հուսալի պաշտպանության տակ առնել»:

Ղազախստանի պաշտպանության փոխնախարարն, ըստ էության, խոստովանել է, որ Կենտրոնական Ասիայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները գոնե այս փուլում ռազմա-քաղաքագիտական կանխատեսումների չեն տրվում, ուստի կառավարությունը չի կարող «ամեն ինչ հուսալի պաշտպանության տակ առնել», ուստի կայացրել է տեղական ինքնապաշտանության ուժեր կազմավորելու որոշում:

Մամուլը որևէ տեղեկություն չի փոխանցում, թե խոսքն ինչ կառուցվածքի, թվաքանակի և սպառազինվածության մասին է կամ արդյոք տեղական պաշտպանություն կազմավորվելու է երկրի ողջ տարածքո՞ւմ, թե՞ միայն սահմանամերձ մարզերում: Ըստ երևույթին՝ օրենքը նման կարգավորումներ չունի, «տեխնիկական հարցերը» վերապահված են կառավարության իրավասությանը:

Խնդիրը, այդուհանդերձ, Ղազախստանի տեղական ինքնապաշտպանության կառուցվածքը կամ սպառազինվածությունը չէ, այլ նման օրենք ընդունելու մոտիվացիան, որ այդ երկրի պաշտպանության փոխնախարարը բացատրել է աշխարհաքաղաքական զարգացումների անկանխատեսելիությամբ և ֆորս մաժորի հավանական հանկարծակիությունը հակակշռելու անհրաժեշտությամբ:

Փաստացի Ղազախստանը նախապատրաստվում է պատերազմական կամ առնվազն արտակարգ այնպիսի իրավիճակի, երբ առաջին հարվածի ծանրությունը պետք է վերցնեն տարածքային պաշտպանության ուժերը և կամավորականները: Ումի՞ց և որտեղի՞ց է զգուշանում Ղազախստանը:

Միանշանակ պատասխան դժվար է գտնել, բայց «Տարածքային պաշտպանության մասին» օրենքը Ղազախստանի Սենատը հաստատել է մի իրավիճակում, երբ փորձագետների ճնշող մեծամասնությունը կանխատեսում է ռուս-ուկրաինական պատերազմի նոր ահագնացում: