14/06/2025

Իտալացի մասնագետները տպավորված են հայաստանյան հյուրընկալությամբ. Լուսանկարներ

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում գործող հայտնի Apicius International School of Hospitality կրթական հաստատության երկու ներկայացուցիչ՝ սննդի և գինու ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Մասիմո Բոկուսը և գինու ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Սալվատորե Պրոկոպիոն ժամանել են Հայաստան։

Իտալացի մասնագետները տպավորված են հայաստանյան հյուրընկալությամբ, անկեղծ հիացմունքով են խոսում մեր երկրի, մարդկանց ու մթնոլորտի մասին։

«Մեծ պատիվ է լինել այստեղ՝ Հայաստանում։ Մենք իսկապես ուրախ ենք, որ գտնվում ենք այս երկրում», – ասում է Սալվատորե Պրոկոպիոն՝ ընդգծելով, որ մեր մշակույթները այնքան հարազատ են իրար, որ սահմանը գրեթե չի զգացվում։

Իսկ Մասիմո Բոկուսը փաստում է․«Մշակութային տարբերություններ շատ չենք զգում Հայաստանի և Իտալիայի միջև։ Մենք նույն կերպ ենք ապրում՝ իտալացիներս ու հայերը։ Զգում ենք մեզ հարմարավետ, ազատ։ Չեմ ասի, որ սա մեր երկրորդ տունն է՝ ինչպես ֆուտբոլիստներն են սիրում ասել, բայց այստեղ անկեղծորեն հաճելի է։ Մարդիկ ջերմ են, անկեղծ ու հյուրընկալ»։

Դիլիջանում շուտով իր դռները կբացի «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու և առողջապահական ոլորտներում։ Վերջինս Իտալիայի համանուն կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է։

Դպրոցը, որը կբացի իր դռները Դիլիջանում, կլինի կարևոր միջազգային հյուրընկալության կրթօջախ տարածաշրջանում՝ ուղղված գաստրոնոմիայի, հյուրընկալության և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։ Դասընթացները կիրականացվեն իտալացի փորձագետների կողմից՝ համադրելով միջազգային փորձը և հայկական առանձնահատկությունները։

Ըստ Սալվատորեի՝ Դիլիջանը ոչ միայն հիանալի բնություն ունի, այլև՝ հսկայական ներուժ։ «Դիլիջանը իսկական զարդ է։ Մենք տեսնում ենք, թե որքան բան կարելի է այստեղ կառուցել։ Հենց այստեղ ենք ուզում տեսնել Հայաստանի ապագա հյուրընկալության մասնագետներին՝ միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստացած, բայց տեղական ինքնությանը հավատարիմ»,-ընդգծում է նա։

Նրա խոսքով, իրենց նպատակը միայն ուսուցանելն ու գիտելիք փոխանցելը չէ․ «Մենք այստեղ ենք՝ նաև սովորելու։ Մենք հավատում ենք երկխոսության ուժին։ Որպես իտալացիներ՝ միշտ կարևորել ենք մշակութային փոխանակումը, և մենք համոզված ենք, որ Հայաստանը շատ բան ունի տալու նաև մեզ»։

Սալվատորե Պրոկոպիոն շեշտում է, որ հյուրընկալության ոլորտը միայն տնտեսություն չէ․ այն մշակութային գործիք է՝ ինքնության ու հեղինակության փոխանցման համար։ Նա ընդգծում է՝ հյուրընկալության ոլորտը կարող է դառնալ Հայաստանի դեսպանը։

Երկու մասնագետներն էլ համոզված են՝ Հայաստանում հյուրընկալության ոլորտն արդեն իսկ ունի ամուր հիմքեր։ Մասիմոն նշում է․ «Ես եղել եմ բազմաթիվ ռեստորաններում այստեղ և անկեղծ պիտի ասեմ՝ հաճելիորեն զարմացած եմ։ Ճաշացանկերը բազմազան են, մթնոլորտը՝ մտածված, իսկ սպասարկման մակարդակը՝ բարձր»։

Նա հավելում է նաև, որ հայկական ռեստորաններում նկատել է նաև իտալական գաստրոնոմիայի յուրօրինակ մեկնաբանություններ, որոնք զարմանալիորեն նորարարական են․ «Իտալիայում երբեք չեք տեսնի պաստան՝ հավի հետ։ Այս առումով մեր դպրոցում խստորեն պահպանվելու են իտալական ավանդույթները, քանի որ մենք ներկայացնելու ենք իրական իտալական որակը»։