11/08/2025

Ռուս – սիրիական խաղեր՝ ադրբեջանական խայծով

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի և արտերկրում հայրենակիցների հարցերով նախարար Ասաադ ալ-Շաբանին այցելել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ կայացել են նրա և ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի բանակցությունները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ, բանակցությունների ավարտին կողմերը հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին:

Դատելով տարածված սղագրությունից՝ Լավրով-ալ-Շաբանի բանակցություններն առանձնակի կարևորություն չունեն, բացի նրանից, որ Սիրիայի անցումային կառավարության արտգործնախարարի այցը Մոսկվա ինքնին չափազանց նշանակալի իրադարձություն է, եթե նկատի ունենանք, որ Սիրիայի նախկին նախագահ Ասադը և նրա ընտանիքը, ինչպես նաև եղբայրներից առնվազն մեկը՝ Մահիր Ասադը, որ սիրիական բանակի էլիտար զորամասերից մեկի հրամանատարն էր, ապաստան են գտել հենց Ռուսաստանում, իսկ Տարտուսի և Հմեյմիմի ռուսական ռազմաբազաների հարցը մնում է չկարգավորված:

Մամուլի համար արված հայտարարությամբ Ռուսաստանի արտգործնախարարը, կարծես, «շրջանակներ է սահմանել»՝ Սիրիայի նոր իշխանությունները պետք է կատարեն խոստումը և ապահովեն սիրիական բազմաէթնիկ հանրության բոլոր մասնակիցների իրավունքները, իսկ Ռուսաստանը կշարունակի աջակցել արաբական հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային և քաղաքական ամբողջականությանը:

Սիրիայի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ: Իրականում ի՞նչն է դրդել, որ անցումային շրջանի նախագահ ալ-Շարաան արտգործնախարարին գործուղել է Մոսկվա: Դամասկոսը որոշակի ակնկալիքներ ունի՞, թե նախապայմաններ է ներկայացրել:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ալ-Շարաան Վլադիմիր Պուտինից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին և վերադարձնել Սիրիայից Ռուսաստան տեղափոխված ավելի քան երեք միլիարդ դոլարը։

Սիրիայի արտգործնախարար ալ-Շաբանիի մոսկովյան այցը, սակայն, պարզապես ինտրիգային է պատկերվում այն տեղեկատվության համատեքստում, որ նախօրեին տարածել է The Times of Israel պարբերականը, որի տեղեկություններով հուլիսի 31-ին նա Բաքվում պետք է հանդիպեր Իսրայելի ռազմավարական ծրագրավորման հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ՝ «քննարկելու Սիրիայի հարավում լարվածությունը թուլացնելու հետ կապված հարցեր»:

Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը՝ չափազանց բարդ է ասել: Բաքվում իսրայելա-սիրիական բանակցություններ, հավանաբար, տեղի են ունեցել, բայց՝ անվտանգության բնագավառի ոչ առաջին մակարդակի պատասխանատուների մակարդակով: Ալ-Շաբանի-Ռոն Դերմեր մակարդակը, նկատի ունենալով, որ Իսրայելը և Սիրիայի նոր իշխանությունները փոխադարձաբար միմյանց չեն ճանաչում, բավական բարձր է:

Այդ ձևաչափի բանակցություններ կարող են տեղի ունենալ, եթե կողմերի աշխատանքային խմբերի միջև առկա խնդիրների շուրջ գոնե ընդհանուր պատկերացում կա: Բայց հարց է առաջանում. եթե Սիրիայի արտաքին գործերի նախարարն իրոք պատրաստվում է Բաքվում հանդիպել Իսրայելի ռազմավարական ծրագրավորման հարցերով նախարարին, ապա ի՞նչն է նրան մղել մինչ այդ քննարկումներ ունենալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ:

Մանավանդ որ ընթացիկ փուլում Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները գոնե առերևույթ լարված են: Կարելի՞ է ենթադրել, որ ալ-Շաբանին Մոսկվա է մեկնել, որպեսզի հասկանա, թե ինչ մակարդակի են ռուս-իսրայելական հարաբերությունները կամ Սիրիայի հարցում հնարավո՞ր է Մոսկվայի և Թել Ավիվի միջև այնպիսի պայմանավորվածություն, որ կբարդացնի Իսրայելի հետ բանակցություններում Դամասկոսի դիրքերը:

Ենթադրությունը՝ ենթադրություն, բայց առայժմ տեղեկություն չկա՝ Բաքվում իսրայելա-սիրիական նախարարական մակարդակի հանդիպում կայացե՞լ է: Իսրայելական մամուլը միայն հայտնել է, որ օգոստոսի 1-ից Ադրբեջանը Թուրքիայի տարածքից կսկսի Սիրիայի Հալեպ քաղաքի և շրջակա մի քանի այլ բնակավայրերի գազամատակարարումը, բայց Socar-ի «ռազմավարական նպատակն Իսրայելի գազային համակարգին միանալն է»:

Բաքուն, այսպիսով, Սիրիայում Ռուսաստանի էներգետիկ ներկայությունը «կանխարգելում է»: Դա չի կարող քաղաքական հետևանքներ չունենալ: