11/08/2025

ԱՄՆ-ն չի կարող միջուկային սուզանավեր տեղակայել Սև ծովում առանց Թուրքիայի թույլտվության

Միացյալ Նահանգները, համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայի, պետք է թույլտվություն խնդրի Թուրքիայից, եթե Սև ծովում միջուկային սուզանավեր տեղակայի։

Այս մասին գրել է թուրքական կառավարամետ Türkiye թերթը՝ հղում անելով միջազգային իրավունքի մասնագետներին։

Օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի «չափազանց սադրիչ» հայտարարություններից հետո ինքը հրաման է տվել երկու միջուկային սուզանավ ուղարկել «համապատասխան տարածաշրջաններ»։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ «համապատասխան տարածաշրջաններ» ուղարկված իր միջուկային սուզանավերն այժմ ավելի մոտ են Ռուսաստանին։

«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է Սև ծովում միջուկային սուզանավեր տեղակայել,նրանք պետք է թույլտվություն խնդրեն Թուրքիայից:

Այսպես է հուշում և պարտադրում Մոնտրյոյի կոնվենցիան», – գրել է հրատարակությունը։

Այս կոնվենցիան ապահովում է անվտանգության ռեժիմ, որը սահմանափակում է ռազմանավերի մուտքը Սև ծով և տարածաշրջանում նրանց գտնվելու տևողությունը։ Այն նաև չի թույլատրում Սև ծովում միջուկային սուզանավերի մշտական ներկայությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շատ քիչ հավանակն է, որ Թուրքիան կտա նման թույլտվություն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Թուրքիան օգտագործել է Մոնտրյոյի կոնվենցիայով իրեն տրված լիազորությունները և արգելել ռազմանավերի անցումը իր նեղուցներով։