10/09/2025

Սա Նիկոլ Փաշինյանի և օրվա իշխանությունների դավաճանական քայլերի հետևանքն է. Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ընդդիմադիրները հայտնվելու են քաղաքական աղբանոցում, ընդգծել է, որ իր մանկության երազանքը կփշրվի, և համոզված է, որ Փաշինյանը և իր քաղաքական թիմը հայտնվելու են ոչ միայն քաղաքական աղբանոցում, այլև քրեակատարողական հիմնարկներում։

Մինասյանը խոսեց նաև իշխանությունների խոստացած խաղաղության մասին. «Փաշինյանը կամ իր թիմի ցանկացած անդամ կարող է կանգնել ու ասել՝ «տեսեք՝ Արցախում խաղաղություն է, սպանություն և կրակոցներ չկան, բայց հայություն չկա»»,–ասաց նա։

Նա հավելեց, որ այսօր ազգային ընդդիմադիր հատվածն ամենաշատն է ցանկանում խաղաղություն, սակայն այն պետք է հիմնված լինի ազգի հարգանքի և իրավունքի վրա, այլ ոչ թե իշխանությունների ցանկությունների ու հայտարարությունների վրա. «Անցած չորս տարիների ընթացքում ամեն օր դիմադրություն է ցուցաբերվում իշխանություններին։ Սա Նիկոլ Փաշինյանի և օրվա իշխանությունների դավաճանական քայլերի հետևանքն է՝ խոստանում են մի բան, սակայն իրականում գործում են հակառակը։ Այսօր ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է նրանց»: