08/09/2025

Քաղաքացին իր տանը ոստիկաններին տեսնելով ինքնավնասում է կատարել և տեղափոխվել հիվանդանոց

Սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Մ․-ն և հայտնել, որ իր 30 գլուխ ոչխարները գողացել են, իր տուն «նռնակ» են գցել և տվել վիրավորանքներ ոստիկանության ծառայողների հասցեին։

Ոստիկանական խումբը մեկնել է նշված հասցե։ Արդեն տեղում Լևոն Մ․-ն տեսնելով ոստիկաններին և գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, առանց որևէ պատճառ հայտնելու ձեռքին եղած խոհանոցային դանակով վագոն-տնակի մուտքի դռան աստիճանների վրա վնասել է ձախ նախաբազկի հատվածը՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո ոստիկանության ծառայողների և Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ոսկան Ա․-ի միջամտությամբ նրա ձեռքից վերցվել է դանակը և բուժօգնություն ցուցաբերելու համար անմիջապես տեղափոխվել է «Սիսիանի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է ձախ նախաբազկի վերին, միջին երրորդականի կտրած վերքեր մկանի վնասումով։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։