27/09/2025

Առաջարկում եմ դադարեցնել քննարկումը «Չորրորդ հանրապետություն» գաղափարախոսության շուրջ․ Բորիս Նավասարդյան

Առաջարկում եմ քաղաքական գործիչներին, գիտնականներին, փորձագետներին, արվեստագետներին, լրագրողներին դադարեցնել քննարկումը «Չորրորդ հանրապետություն» գաղափարախոսության շուրջ։

Եթե ՔՊ-ն ընտրել է համապատասխան մարտավարությունը որպես նախընտրական օրակարգ, դա իրենց գործն է եւ իրավունքը, նրանք ունեն անսահման հնարավորություններ դրա մասին խոսելու համար։

Ցանկալի է, որ մնացած բոլորը կենտրոնանան կոնկրետ, պրակտիկ հարցերի վրա, առանց մտնելու անիմաստ վերացական թեմաների մեջ։ Երկիրը շատ առարկայական լուծումների կարիքը ունի, որոնց հասցեագրելը որեւէ առնչություն չունի արհեստական կարգախոսների հետ։

Երբ գտնվեն եւ իրացվեն կոնկրետ լուծումները, իրականություն դառնան փոփոխությունները, կյանքը կթելադրի նաեւ պետությանը բնորոշ վերանայվող ձեւակերպումները։ Ներկա պահին Հայաստանի հանրապետությունը մնում է իր տեղում, իր տարածքում, որը ամրագրված է անկախության հռչակմամբ, հանրաքվեի անցկացմամբ, ԽՍՀՄ-ի չեղարկմամբ, Ալմաթի հռչակագրով սահմանների համաձայնեցմամբ եւ միջազգային հանրության կողմից ինքնիշխանության ճանաչմամբ։

Այս պահին Սահմանադրությամբ սահմանված ոչ պետական համակարգն ու ոչ էլ պետականության մոդելն է փոփոխված։ Անգամ երկու պրոբլեմային հարեւանների հետ խնդիրները վերջնականապես հաղթահարված չեն՝ դիվանագիտական հարաբերություններն հաստատված չեն, իսկ մեկի հետ նաեւ միջպետական հարաբերություններ չունենք։

Հայաստանը մնում է նույն միջազգային կառույցների անդամ, ինչ տարիներ առաջ։ Վերջապես ունենք այն պատմությունը, որը ունենք, դրա առանձին դրվագներից դասագրքերում հրաժարումը դեռ չի ուղեկցվում այլընտրանքային գիտական բովանդակության ներառմամբ։

Հանրությանը ներկայացված նոր սահմանադրության հայեցակարգի նախագիծը անգամ չունենք։ Նշված հանգամանքները ոչ մի հիմք չեն տալիս «նոր» հանրապետություն հռչակելու համար։

Կան մտադրությունների հուշագրեր եւ մեկ նախաստորագրած փաստաթուղթ, իչպես նաեւ լավագույն դեպքում բավականին անորոշ տեսլականներ։ Վերջինները միգուցե բավարար են որպես բանակցային դիրքորոշումներ եւ կոնկրետ քաղաքական ուժի նախընտրական արշավի նյութ, բայց ոչ որպես նոր հեղափոխված ազգային գաղափարախոսություն։

Այս պայմաններում արդիական պրակտիկ հարցերը թողած, վերացական եւ հեհղեղուկ թեմաները պիտի ազգովի քննարկե՞նք։

Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը