Մերձավանում գիշերը հնչած կրակոցների վայրում առկա են տեսախցիկներ, որոնց ձայնագրություններն առգրավվել են:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նա հավելել է, որ հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք, ուժեղացված ծառայություն է իրականացվում սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու հիվանդանոցում, որտեղ գտնվում է վիրավորը:
Սարգսյանի խոսքով՝ կրակողը եղել է դիմակավորված, մոտեցել է, կրակոցներ արձակել ու դիմել փախուստի: Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ նշելով, որ ընթանում են քննչական և վարույթային մեծածավալ գործողություններ և որոշ հանգամանքներ, նախաքննության շահերից ելնելով, չեն հրապարակվում:
«Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն, այլ մանրամասներ այժմ չեմ կարող հայտնել»,- նշել է Սարգսյանը։
Հարցին՝ կա՞ն տվյալներ, որ սպանությունը վենդետա է եղել և կապ ունի ամիսներ առաջ նույն բնակավայրում տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է, որ քննարկվում են բոլոր վարկածները։
«Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»,- ասել է խոսնակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Տեղում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, հայտնաբերվել են նաև մեծ քանակի ինքնաձիգից կրակված փամփուշտներ:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների` մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։
Բաց մի թողեք
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից բռնագանձվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 608 միլիոն դրամ. Լուսանկար
Մերձավանում տեղի ունեցած uպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ․ նոր մանրամասներ. Լուսանկարներ
Մայրը հայտնել է, որ 14-ամյա տղային տարել են ջրամբարի հարակից տարածք և ստիպել, որ գողությունում մասնակցություն խոստովանի