15/10/2025

Եվրոպական Միության կողմից ներդրվում է մուտքի և ելքի նոր համակարգ, այն կսկսի գործել մի քանի օրից. ինչ է փոխվում

Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System-EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։

Ի՞նչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները․

Ո՞ւմ է վերաբերում

Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։

Ի՞նչ է փոխվում

Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։

Գրանցվող տվյալները
– անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),

– ճամփորդական փաստաթղթի տվյալներ,

– մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,

– կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։

Վավերականության վերահսկում

Համակարգը ավտոմատ կվերահսկի, թե արդյոք թույլատրելի՞ է տվյալ անձի մուտքը, և արդյոք չի՞ գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու՝ «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։

Որտե՞ղ է գործելու

Համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։

Ինչպե՞ս պատրաստվել

Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։

EES-ը ԵՄ լայնածավալ թվային սահմանային կառավարման համակարգ է, որը մշակվել է միգրացիոն գործընթացների թափանցիկության և անվտանգության բարձրացման նպատակով։ Համակարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով՝ https://travel-europe.europa.eu/ees: