19/10/2025

Ինչու քրեական գործ չի հարուցվում Արամ քահանա Ասատրյանի դեմ

Հոկտեմբերի 15-ին ոչ միայն ողջ Հայաստանը, այլեւ բովանդակ հայությունը, ի սփյուռս աշխարհի, ականատես եղավ Նիկոլ Փաշինյանի հոգեխանգարման եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ սարձազերծած հերձվածողական պայքարի հերթական դրվագին։

Մայիսից Էջմիածնի դեմ հարձակում նախաձեռնած Փաշինյանը, չկարողանալով որեւէ լուրջ պառակտում առաջացնել Եկեղեցում, ինչի հույսը գարնանը, ենթադրելի է` ուներ, իր հիվանդ մտքերի եւ իրավապահ համակարգի իրավասությունների մեկտեղումով անգամ չկարողանալով որեւէ իրավախախտում գտնել Եկեղեցու տնտեսական գործունեությունում, ինչի մասին ամիսներ շարունակ Փաշինյանը բարբաջում էր, իր քաղաքական, գուցե նաեւ ֆիզիկական մահվան ուրվականից ամեն ինքնատիրապետում կորցրած, հիմա էլ հոգեւորականների է բերման ենթարկում` այն ամբաստանությամբ, թե իբր 4 տարի առաջ քաղաքական ճնշումների գործադրմամբ այլոց հանրահավաքի են տարել, կամ գուցե իրենք են ճնշումների ենթարկվել եւ հանրահավաքի գնացել։

Որտեղի՞ց նման տեղեկություն։ Մի շարքային կիսագրագետ եւ բանսարկու՝ Արամ Ասատրյան անուն-ազգանվամբ, որը Փաշինյանին սպասարկելուն զուգահեռ թյուրիմացաբար սպասավորում է նաեւ Եկեղեցում, անցյալ ամիս հեռուստաէկրանից հայտարարել է, թե 2021-ին իր հանդեպ ճնշում է գործադրվել կամ ցուցում է տրվել՝ հանրահավաքի մասնակցելու։

Փաշինյանի տխմար կամակատարներն էլ՝ իրավապահ համակարգում, պետք է հավատալ՝ ինքնաբուխ (առանց Փաշինյանից sms ստանալու կամ նրան զեկուցելու) հեռուստատեսությամբ հնչած տեղեկությունը (որը հնարավոր է՝ իրականում զրպարտություն է) մեկնաբանել են որպես անձի ազատ կամքի վրա բռնացում, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, եւ այդ հորինյալ մեղադրանքով մեկ ամիս հետո հոգեւորականներ են բերման ենթարկել։

Փաշինյանի բեմադրած այս աբսուրդի թատրոնում ծագում է բանական հարց. եթե հանրահավաքի մասնակցություն պարտադրելը քրեական հանցագործություն է, որի համար կարող են անձինք բերման ենթարկվել, ապա ի՞նչ տրամաբանությամբ այդ հանցանքի մասին տեղյակ եղած եւ չորս տարի ոչինչ չհայտնած Արամ Ասատրյան կոչեցյալ անձի դեմ քրեական գործ չի հարուցվում` հանցագործության մասին իմանալ-չհայտնելու հոդվածով։

Սույն անձի դեմ, եթե վերջինիս առնչությամբ չկա բժշկական քննությամբ հաստատված անմեղսունակության եզրակացություն, եւ նա համարվում է մեղսունակ անձ, առանց որեւէ հապաղման պետք է ՀՀ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածով քրեական վարույթ հարուցվի։ Եթե Արամ Ասատրյանի իմացած-չհայտնած հանցագործությանը մասնակցելու ամբաստանությամբ այլ անձանց դեմ քննչական գործողություներ են կատարվում, ապա հանցագործության մասին իմացած-չհայտնած Արամ Ասատրյանը պետք է բոլորից առաջ ձերբակալված լիներ, եւ քրեական վարույթ հարուցված։

Չէ՞ որ իր կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածով («Հանցագործության մասին չհայտնելը») նախատեսված հանցագործություն կատարելը Արամ Ասատրյանը խոստովանել է հեռուստաեթերից։ Այդտեղ նույնիսկ Փաշինյանի նման հերձվածող, բարոյազուրկ, մանիպուլյատոր արարածը ոչինչ չի կարող փոխել։ Այնպես որ՝ բարեհաճեք քրեական գործ հարուցել, գուցե նաեւ՝ ձերբակալել Արամ Ասատրյանին հեռուստաէկրանից խոստովանած հանցագործության համար եւ դա արեք ժամ առաջ։

Ընդսմին, Արամ Ասատրյան կոչված անձի պարագայում վաղեմության որեւէ ժամկետ չի գործի, քանի որ նրա ինքնախոստովանությունը՝ կատարած հանցագործության մասին, 2025-ի սեպտեմբերին է հրապարակավ հնչել հեռուստաէկրանից։ Իսկ, այ, մնացյալ անձանց պարագայում վաղեմության ժամկետ պիտի գործի։

ԵթԵ ՍԴ հասած ընտրությունների վիճարկման գործերով անգամ ՍԴ որոշման հրապարակումից վեց ամիս հետո հանցագործության ապացույց հանդիսացող քվեաթերթիկները ոչնչացվում են, ապա որեւէ այլ զանցանք կամ հանցանք նախընտրական թեմատիկայով չի կարող վեց ամիս հետո վաղեմության ժամկետը չկորցնել։