18/10/2025

Բուդապեշտը «ժամադրավայր է նշել» Թրամփը. ինչ ակնկալիքներ կան Պուտինից

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդիպել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Հունգարիայի վարչապետը, բնականաբար, «յոթերորդ երկնքում է»:

Չէ՞ որ հյուրընկալել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը, նշանակում է Եվրահանձնաժողովի հետ գրեթե անընդմեջ տարաձայնություններում առնվազն քաղաքական ազդեցության մեծացման լծակ ստանալ:

Միջազգային մամուլը գրում է, որ եկող շաբաթ Մոսկվա կայցելի ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, որպեսզի ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ քննարկի բուդապեշտյան հանդիպման օրակարգը: Մինչ այդ, անշուշտ, «սև աշխատանք» կկատարեն կողմերի փորձագիտական խմբերը և արարողակարգի պատասխանատուները:

Թվում է՝ ամեն ինչ բարեհաջող ընթացքի մեջ է: Բայց, պարզվում է, Կրեմլում դեռևս չգիտեն, թե Ռուսաստանի նախագահը ֆիզիկական ուղղակի իմաստով ինչպե՞ս է հասնելու Բուդապեշտ: Եվ այդ խոստովանությունն արել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը:

«Դա դեռևս պարզ չէ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ երթուղով է Վլադիմիր Պուտինը հասնելու Բուդապեշտ, որպեսզի հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Բանն այն է, որ Եվրամիության երկինքն Ռուսաստանի համար փակ է, ուղղակի օդային հաղորդակցությունը չի գործում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր, իսկ Հունգարիան Ռուսաստանի հետ անմիջական սահման չունի:

Պարզ ասած, որպեսզի ՌԴ թիվ մեկ բորտը Բուդապեշտի օդանավակայանում վայրէջք կատարի, պետք է հատի Եվրամիության անդամ որեւէ երկրի սահմանը: Իսկ դա պահանջում է դիվանագիտական ջանքեր:

Կա, իհարկե, տարբերակ, ԱՄՆ նախագահը կարող է Եվրահանձնաժողովին «խնդրել», որպեսզի Պուտինի ինքնաթիռին օդային միջանցք տրամադրվի, բայց ի՞նչ կարժենա Ռուսաստանի նախագահի Բուդապեշտ այցը, եթե այն պիտի կազմակերպվի Դոնալդ Թրամփի միջնորդությամբ:

Պուտինի օգնական Ուշակովի ներկայացմամբ՝ Բուդապեշտը «ժամադրավայր է նշել» Թրամփը: ԱՄՆ նախագահը չէր կարող չիմանալ, որ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռի համար ԵՄ օդային տարածքը փակ է: Պուտինը չէր կարող չհաշվարկել, որ Մոսկվա-Բուդապեշտ թռիչքը լոգիստիկ խնդիրներ է հարուցելու, բայց անմիջապես համաձայնել է Թրամփի առաջարկին:

Տպավորություն է, որ Թրամփը և Պուտինը հանդիպման հրապարակային պատրաստակամություն են հայտնել՝ երկուսն էլ քաջ իմանալով, որ բուդապեշտյան գագաթնաժողովի կազմակերպումը կամ անհնար է, կամ կապված է դիվանագիտական տհաճ քաշքշուկների հետ:

Իսկ գուցե նրանք իրականում խուսափո՞ւմ են «ճշմարտության պահին» առերեսվելուց: