18/10/2025

Գազայում «ժանիքներ են ցուցադրում», Թրամփը կասկածում է, որ թիկունքում Թուրքիան է կանգնած

Դոնալդ Թրամփը, կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Արտաքին քաղաքական հարցերով Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է, որ այն «ընդհանուր առմամբ տևել է երկուսուկես ժամ»:

Հեռախոսազրույցի գլխավոր թեման, բնականաբար, ուկրաինական կարգավորումն էր: Ուշակովն առանձնացրել է Ռուսաստանի նախագահի երկու շեշտադրում: Պուտինը նախ հավաստիացրել է, որ «ցանկալի է հասնել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման», ապա ԱՄՆ նախագահին «հանգամանալի ներկայացրել» ռազմաճակատի փաստացի իրավիճակը:

Նա ընդգծել է, որ «մարտական շփման գծի ողջ երկայնքով Ռուսաստանի զինված ուժերը պահպանում են նախաձեռնողականությունը»: Դիվանագիտական ազդակը պարզ է. հակամարտության խաղաղ-բանակցային կարգավորումը պետք է բխի գետնի վրա իրավիճակից:

Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը գնահատել է «օգտակար» և արձանագրել «որոշակի առաջընթաց»: Նա ավելացրել է, որ հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Զելենսկուն և կքննարկի Պուտինի հետ նրա հանդիպման հնարավորությունը:

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի հրապարակայնացված արդյունքն այն է, որ նրանք պայմանավորվել են հանդիպել Բուդապեշտում: Ըստ Պուտինի օգնական Ուշակովի, «ժամադրավայրն» առաջինը նշել է Թրամփը, իսկ Ռուսաստանի նախագահն «անմիջապես տվել է համաձայնությունը»:

Այս տեղեկությունը, որ կարելի է վերջնական համարել, հետաքրքիր է երկու առումով: Նախ, Ալյասկայի գագաթաժողովից հետո խոսք կար, որ Թրամփը կայցելի Ռուսաստան, և «գործարքը կկնքվի»: Իրողություն է, որ Թրամփը գոնե տեսանելի ապագայում Ռուսաստան չի այցելի:

Երկրորդ, Պուտինի հետ հանդիպման վայր Թրամփն ընտրել է ոչ թե Ստամբուլը, ինը Թուրքիայի նախագահ Էրդողանի մեծագույն ցանկությունն էր, այլ՝ Բուդապեշտը:

Հունգարիան Եվրամիության անդամ գրեթե միակ երկիրն է, որ մշտապես դեմ է արտահայտվում ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, ինչպես նաև՝ Կիևին ռազմական աջակցությանը: Հունգարիայի վարչապետ Օրբանը եվրոպական միակ առաջնորդն է, որ անձնական շփումներ է պահպանում Պուտինի հետ:

Շարմ էլ Շեյխի «Խաղաղության գագաթաժնողովում» Թրամփը գովել է Թուրքիայի նախագահին և ասել, որ Ռուսաստանում նրան հարգում են, նա կարող է ուկրաինական կարգավորմանը լուրջ ավանդ բերել: Ոչ լրիվ մեկ շաբաթվա ընթացքում ի՞նչ է փոխվել, որ Թրամփը որոշել է Էրդողանին «երես չտալ»:

Գազայում ՀԱՄԱՍ-ը «ժանիքներ է ցուցադրում»: Թրամփը կասկածում է, որ նրա թիկունքին Թուրքիա՞ն է կանգնած, թե, այնուամենայնիվ, Պուտի՞նն է մերժել Էրդողանի միջնորդությունը՝ նկատի ունենալով Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը: