Հանցավորության դեմ պայքարի իմիտացիա` քաղաքական դիվիդենտների նպատակով․ Գյումրիում երեկ տեղի ունեցած իրադարձություններն այսպես է բնորոշել ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը։ Ինչպես հայտնի է, ուժայիններն առավոտյան մտել էին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեին համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել` «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու» մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանը դուրս եկավ համայնքապետարանի շենքից: Նրան վազեցնելով նստեցրին մեքենան եւ դիմակավորված անձանց ուղեկցությամբ տարան Երեւան` Հակակոռուպցիոն կոմիտե:
Այդ ընթացքում քաշքշուկ էր համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջեւ։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ «զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու» հատկանիշներով։
Քաղաքական ռեպրեսիաները դարձել են հայաստանյան իրականության անբաժան մասը: Մի օր փաստաբանին են տապալում գետնին` անհասցե գրառման համար, ու կալանավորում, մի օր, շոու բեմականացնելով, ընտրված քաղաքապետին են ձերբակալում:
Հրապարակ թերթը զրուցել է իրավապաշտպան, քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցի հետ:
– Ձեր կարծիքով` ի՞նչ պրոցեսներ են այժմ ընթանում Գյումրիում եւ երկրում: Եթե անգամ մարդն ինչ-որ հանցանք է գործում, կարելի՞ է նման կերպ վարվել:
– Կարելի է, եթե դու ժողովրդավարության հետ աղերս չունեցող պետություն ես, կարելի է, եթե դու իրավական պետություն չես, իսկ պետության ղեկին մի մարդ է, որը ֆեյսբուքյան նամականիով հրահանգներ է տալիս իրավապահներին: Կարելի է, եթե ունես Ազգային ժողով, որի ներկայացուցիչներն ընթացող գործերի վերաբերյալ գնահատականներ են տալիս, իսկ մնացյալի վրա՝ մատ թափ տալիս եւ պնդում, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները, պատժվելու են: Կարելի է, եթե պետության ներսում այլեւս չկա քաղաքացիական հասարակություն: Այն կուռ քաղհասարակությունը, որ կար առաջներում, այժմ չգիտես, թե ինչի է վերածվել: Այս ամենը ժողովրդավարության մասին չէ: Այս բոլոր գործընթացներն աղերս չունեն իրավական պետության հետ: Շատ ավտորիտար, դիկտատուրական երկրներում նույն այս իրավիճակն է, եւ մարդիկ այդպես ապրել են: Եթե մեր հասարակությունը հաշտ է այս ամենի հետ, ուրեմն վստահաբար կարող ենք ասել, որ պրոցեսները լինելու են շարունակական: Երկար ժամանակ խոսում եմ այն մասին, որ այս մարդը կանգ չի առնելու, ռեպրեսիաները լինելու են շարունակական: Բոլորի հետ էլ այսպես են վարվելու: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Նիկոլի թիմից են, եւ իրենց վտանգ չի սպառնում, չարաչար սխալվում են, բոլորի դուռը Նիկոլը թակելու է: Այդ մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է ժողովրդավարությունը, եւ թե ինչ կրակի հետ են իրենք խաղում: Այս ամենը մի օր պետք է կանգնեցվի: Պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ այս գործընթացը խիստ մերժելի է եւ ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա: Այն պարտավորությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը ստանձնել է դրսում եւ որի մասին պարբերաբար խոսում է, օրինակ, Ադրբեջանի ղեկավարությունը, խնդիր է առաջացնում: Նա պարտավոր է իր առջեւ դրված պարտավորություններն իրականացնել, սակայն ժողովրդավարության անվան տակ չի կարող նման քայլեր անել: Եվ, որ ամենատխուրն է, այս ամենը ներկայացվում է իբրեւ ռուսական թեւին թուլացնելու համար: Ես ՌԴ-ի մոլի երկրպագուն երբեւիցե չեմ եղել, բայց ռուսների դեմ պայքարելու իմիտացիայի ֆոնին ուղիղ քայլերով գնում ենք դեպի դիկտատուրա:
– Իսկ անհասցե գրառման համար փաստաբանին խոշտանգելը եւ նրան երկու ամսով կալանքի տանելն ի՞նչ երեւույթ է: Հիշո՞ւմ եք, որ երբեւէ փաստաբանին խոսքի համար տապալեին գետնին, բռնության ենթարկեին, կալանավորեին….
– Ես՝ որպես փաստաբան, ենթարկվել եմ հետապնդումների` Սերժ Սարգսյանի ժամանակ: Արգելքներ էին ստեղծում մեզ համար, որպեսզի դատական նիստերի չմասնակցենք, սակայն մեր առումով առավելագույնը, ինչ անում էին, Փաստաբանների պալատ պատասխանատվության մասին հարցումներ ուղարկելն էր: Փաստաբանների պալատը թեպետ լսում էր այդ ամենը, սակայն մեզ՝ ոչ մեկիս, չէր զրկում մեր արտոնություններից: Նախկին իշխանությունների ժամանակ, որոնք, մեղմ ասած, ժողովրդավար չէին, նման պրոցեսներ տեղի չեն ունեցել: Փաստաբանին խոսքի համար տապալում եք գետնին, որ ի՞նչ լինի, որ Նիկոլ Փաշինյանը «միակ տղամարդու» տպավորությո՞ւն թողնի:






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են