25/10/2025

Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել` տեսանյութեր են հրապարակվել Մար Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին

ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր, դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։

Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ:

Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարհանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և ՔՊ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։

Ուղղակի զավեշտական է, թե երկրի շուրջ ծավալվող վտանգավոր զարգացումների, հասարակության պառակտման, մոլեգնող հանցավորության և նմանօրինակ ծանր մարտահրավերների պայմաններում ինչպիսի խեղկատակություններով է զբաղված իշխող քաղաքական ուժի քարոզչամեքենան, անշուշտ, հետևելով գործադիր իշխանության ղեկավարի հակաօրինական ուղորդումներին, այդ թվում և՝ հրապարակային։

Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանության հայտնի գործելաոճը,համոզված եմ, որևէ արդյունք չի ունենալու։ Խնայեք Ձեր էներգիան, պարոնայք և տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն «ձեր երեսներիհակառակ կողմերը»։

Արշակ սրբազանի տելեգրամի էջից

Եկել է «Սոդոմ-Գոմորի» ժամանակը՝ իշխանության գլուխ դարձած վարչակազմը չեղյալ է հայտարարել ոչ միայն ՀՀ սահմանադրության հիմնարար հոդվածները, այլեւ մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված նորմերը, «ներկաներ-նախկիններ», «արցախցիներ-հայաստանցիներ», «թալանչիներ-արդարներ» կեղծ բաժանումներին հաջորդում է նույնքան նողկալի «կուսակրոններ-ուխտը խախտածներ», «հին ու նոր եկեղեցականներ» խոսույթը։

«Մերժիր Սերժին» տարօրինակ կարգախոսին հաջորդեցին «Մերժիր Արարատը, Հայոց պատմությունը» «Մերժիր Արցախը», «Մերժիր հայոց եկեղեցու պատմությունը» ահաբեկչական գործողությունները, զուգընթաց իրականացվում են «Ոչ, անկախ դատավորներին, փաստաբաններին», «Կեցցե համատարած կալանքը», «Բոլոր այլախոհներին դատապարտում, ազատազրկում», «Կորչի Մարդու իրավունքների պաշտպանությունը» նախագծերը։

Փաշինյանի «իրական» Հայաստանում գործի է դրվել կասկածահադույց ծագման, ակնհայտ ապօրինի գաղտնի ձայնագրությունների ու տեսահոլովակների «արդարադատությունը». արհեստական բանականությամբ ում ասես ինչ ասես կվերագրեն, կեղտոտ սպիտակեղենի ցուցադրում, մարդկանց անձնական կյանքի պաշտպանության բիրտ ոտնահարում։ Ողբալի ու ամոթալի իրավիճակ է , ու ինչպես չհիշես՝ փաշինյանական աղաղակը՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»։ Փաստորեն այդ քաղաքացին ինքն էր՝ մեկ անձ կա վրեժով վառված, եւ դա ինքն է։ «Հայկական ժամանակ» պարբերականը վերածել է «Մեկ անձի քինախնդրության ժամանակի»։ Մինչեւ ե՞րբ, ո՞ւր ենք գնում, բոլորիս զգոնության ու դիմադրելու ժամն է, պետք է պաշտպանել ՀՀ սահմանադրությունն ու Քրօր-ը, Աշխատանքային, ընտանեկան օրենսգրքերը, մարդու , ազգի իրավունքների հռչսկագրերը։ Ազատագրման կարոտ է հայրենքը, ապօրինի բանտված մարդը, ոչ թե Վեհարանն ու Էջմիածինը։

Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից

Մենք ապրում ենք «Հայկական ժամանակ» ռեալիթի շոու-ի մեջ: ՄԻՊ-ի հայտարարությունը նույնպես ընդհանուր ծրագրվածի տրամաբանության մեջ է: Բայց լավ, էս ամեն ինչը ինչպես կար եկեղեցու տիրույթի կարգավորման հարց, էդպես էլ մնում է:

Եթե տեսանյութերը արհեստական բանականությամբ սարքված չեն, ապա հարց է ծագում: Էդ տեսախցիկներ տեղադրողները, նկարողները, մոնտաժողները սովորական մարդիկ չեն կարող լինել, չէ՞: Դա արել են հատուկ ծառայությունները, չէ՞:

Հարգելի դատախազություն, քննչական կոմիտե և այլ «սուպերհերոսական» կառույցներ: Կամ ինչ որ գործի շրջանակում հենց դուք եք սանկցիա տվել գաղտնալսելու ու տեսանկարահանելու այդ տունը (հատկապես բաղնիքը շատ կարևոր վայր է դրա համար), կամ եթե դա դուք չեք, ապա «նիուժելի՞» դուք հիմա գործեր չպե՞տք է հարուցեք նկարահանող-գաղտնալսողների վրա:

Չորրորդ հանրապետությունը հենց այսպիսին է լինելու: Դուք հիմա demo տարբերակն եք տեսնում, ժող ջան:

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Ուրեմն գիշերը հրապարակում են տեսանյութը ու սկսում ալիբիների ձևավորումը: Առավոտյան գցում են ինֆոդաշտ, որ սրա հետևում կանգնած է Կաթողիկոսը շահ ունենալով ազատվել Արշակ Սրբազանից:

Հետո սլիվ արած նույն ՏԳ ալիքով կոչ են անում Կաթողիկոսին ազատվել Արշակ Սրբազանից, որ իբր Փաշինյանի բերանը նման բաներով լեզու չդնի: Հետո ՄԻՊ-ին կանաչ լույս են տալիս, որ կոշտ հայտարարություն անի:

Մաքրվում ու մաքրվում են ժրաջան կերպով, բայց շատ վատ են մաքրվում:

Առաջին, սրա շահառուն նա է, ով սա առաջինը մատնացույց անելով բողոքեց, որ իրենից ինչ որ բան են ուզում։

Երկրորդ, Արշակ Սրբազանը սրանից ոչ միայն չտուժեց այլ ապացուցեց, որ ունի առողջ, նորմալ տղամարդկային կողմնորոշում:

Երրորդ, նրա «մեղքը» շարունակում է մնալ բացառապես ՀԱԵ-ի գործը, ոչ թե հրապարակման շահառուների:

Չորրորդ, դուք տուն մտնող զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել` տեսանյութեր են հրապարակվել Եկեղեցու ամենաազդեցիկ դեմքերից մեկի` Մար Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ կապված:

Եթե այդ տեսանյութերը կեղծ չեն, արհեստական բանականության կամ մոնտաժի միջոցով սարքված չեն, ապա դա նշանակում է, որ հատուկ ծառայությունները ոչ միայն գաղտնալսում են հոգևորականներին, այլև նրանց տներում, անգամ լոգարաններում գաղտնի տեսախցիկներ են տեղադրել և 24 ժամ հետևում են նրանց:

Այսինքն, այս իշխանությունը ոչ միայն աղետալի պատերազմի, զոհերի, Արցախը հանձնելու հեղինակն է, այլև մարդկային համակեցության տարրական կանոններն է ոչնչացնում և ստալինյան ամենադաժան շրջանի մեթոդները կիրառում: Բարեբախտաբար մեր հասարակությունը դեռ այդքան դեգրադացված չէ, որ մարդիկ դա խրախուսեն: Մենք բազում գրառումներից հասկացանք, որ մարդիկ ոչ թե սրբազանին, այլ բոլոր սահմաններն անցած իշխանություններին են մեղադրում ու պախարակում:

Խորհրդային տարիներին, երբ կոմունիստական կուսակցությունը կենաց մահու պայքարի էր ելել կրոնի դեմ, իսկ եկեղեցին  փաստորեն հակահեղափոխական հաստատություն էր հայտարարվել, իշխանությունները հասկացան, որ կրոնական ծիսակատարությունները պարզապես արգելելն արդյունավետ չի լինի, որոշեցին դրանք փոխարինել իրական կոմունիստներին վայել արարողություններով։

Այսպես ստեղծվեց, Օկտյաբրինան կամ այլ կերպ ասած՝ «կարմիր կնունք» արարողությունը, որը պետք է փոխարիներ կոմունիստներին ոչ հարիր մկրտությանը։

Բնականաբար Օկտյաբրինան եկեղեցիներում չէր կատարվում, այլ պիոներ պալատներում, մշակույթի տներում կամ իշխող միակ ուժի գրասենյակներում։ Հոգեվորականների դերն էլ ստանձնում էին պետական ու կուսակցական գործիչները։

Դրոշներով, մուրճ ու մանգաղով զարդարված սրահներում հնչում էր գաղափարա-հայրենասիրական երաժշտություն, ոգեշունչ բանաստեղծություններ ու կոչեր։

«Այսօր ծնվեց ևս մի նոր «խորհրդային քաղաքացի», հնչում էր բացման խոսքում,- և մենք ողջունում ենք մեր փոքրիկին՝ իրական խորհրդային քաղաքացուն, որը կմեծանա ազատ, կրթված, աշխատասեր և հայրենասեր։ Թող նա լինի արժանի «Լենինի» անվանը մեր ժողովրդի սխրագործություններին և սոցիալիզմի վեհ գաղափարներին»։

ժամանակակիցները պատմում էին, որ,  ավանդույթն, իհարկե, արագ փոխել չէր հաջողվում, բայց ծնողները, հատկապես կուսակցության անդամները, շուտով հասկացան, որ երեխաներին եկեղեցում մկրտելը, ինչպես այսօր, եկեղեցականներին աջակցելը,  հղի է անկանխատեսելի հետևանքներով՝ աշխատանքից ազատումից մինչև կալանավորում, ուստի ժամանակավորապես հարմարվեցին իրավիճակին։ Բայց երբ ռեժիմը նվազ ռեպրեսիվ դարձավ, սկսեցին եկեղեցում գաղտնի մկրտել երեխաներին՝ առանց ճոխ հանդիսությունների ու հետագա բազմամարդ կերուխումների։

Անակախացումից՝ կոմունիստական բռնաճնշումներից ազատագրվելուց հետո, նաև իրենց նվաստացման ու խեղճացման դիմաց «վրեժ լուծելու» միտումով, հավատացյալ և ոչ հավատացյալ հայերը վերադարձան եկեղեցական մկրտության և պսակադրության ավանդույթներին։

Բայց այսօր, մի այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ կարծես կրկին ալտերնատիվ քայլերի են ուզում դիմել։ Գուցե հիմա էլ կնունքը  փոխարինեն նոր՝ ասենք «Ապրիլյանա» արարողությամբ։ Այն  կազմակերպեն ՔՊ գրասենյակներում՝, «Հու- հու բացականչությունների և «Ես մենակ չեմ» երգի ներքո։ Իսկ ՔՊ-ի կարկառուն գործիչներն էլ  ազդարարեն Չորրորդ հանրապետության հպարտ քաղաքացու ծնունդը։

Կարինե Քալանթարյանի ֆեյսբուքյան էջից