27/10/2025

Պահի տակ է ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»․ Միքայելյան

Լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Նա նշել է, որ այն ասել է պահի տակ՝ իր մտքերով։

Միքայելյանը ընդգծել է, որ այն ժամանակ իրավիճակը այլ էր, բայց 44-օրյա պատերազմը և Արցախի հարցով տեղի ունեցած զարգացումները, հատկապես Ռուսաստանի միջամտությունը, հանգեցրել են ներկայիս ծանր իրավիճակին։

Սասուն Միքայելյանը անդրադարձել է Արցախին վերաբերող քննադատություններին՝ հայտարարելով, որ ինքը Արցախը չի տվել։

Նրա խոսքով՝ «Երկրապահ» կամավորական միությունը, որը ստեղծվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ, մինչ օրս շարունակում է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի և սահմանամերձ դիրքերը։

Միքայելյանը շեշտեց, որ կազմակերպությունը հավատարիմ է իր գաղափարներին և մարտական անցյալին՝ ընդգծելով, որ «Երկրապահը» շարունակում է ծառայել երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը. «Մարդիկ ինձ էլ են փնովում, ասում են՝ բա Արցախն ո՞ւր է, Արցախը տվիք: Ես Արցախ չեմ տվել»:

Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը լիարժեք չբացահայտվի, ապա Հայաստանի պետությունը չի կարող ունենալ կայուն ապագա։

Նրա խոսքով՝ այդ ողբերգական օրը խորը ազդեցություն է թողել երկրի պետականության վրա։ Միքայելյանի կարծիքով՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին նպատակային կերպով հեռացրին քաղաքական դաշտից՝ արտաքին և ներքին ուժերի միջամտությամբ, ինչը հետագայում բերեց ճակատագրական հետևանքների, այդ թվում՝ Ղարաբաղյան հարցում։

Նա նշեց, որ տարիների ընթացքում նախորդ իշխանությունները չկարողացան ուղղել իրավիճակը և զբաղվեցին միայն անձնական շահերով, ինչի հետևանքով երկիրը հայտնվեց ներկայիս բարդ իրավիճակում։

Այնուամենայնիվ, Միքայելյանը ընդգծեց, որ չի կորցնում հավատը ապագայի հանդեպ՝ կոչ անելով համախմբվել և ուժեղացնել երկիրը՝ հանուն ազգային միասնության ու վերածննդի. «Եթե Վազգենը կենդանի լիներ, նման բան չէր կարա լիներ Ղարաբաղի հետ կապված»: