01/11/2025

Ես ավելի լավ եմ կարողանում կառավարել ոլորտը, քան Արծվիկ Մինասյանը. Դավիթ Խուդաթյան

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը անդրադարձել է Սևանի  վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացությանը՝ նշելով, որ այն փորձել են չներկայացնել խորհրդարանին։

Պատգամավորի խոսքով՝ ոչ արդյունավետ կառավարման հետևանքով առաջացել է ջրային կորուստ և հավելյալ ջրի վերցնելու անհրաժեշտություն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանել է՝ ընդգծելով, որ ներկայում ոլորտը կառավարվում է ավելի արդյունավետ, քան նախկինում. «Ես պնդում եմ, որ այսօր համակարգը ավելի ճիշտ է կառավարվում։ Թվերը դրա լավագույն ապացույցն են։ Երբ ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանն էր նախարար, Սևանից ջրառը կազմել է ոչ թե 183 միլիոն, ինչպես հիմա, այլ 265 միլիոն խորանարդ մետր։ Ուստի ճիշտ կլինի, եթե նման հարցերի զգալի մասը նրան ուղղեք: Ես պնդում եմ, որ ավելի լավ եմ կարողանում կառավարել ոլորտը, քան ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանը»։