Հոկտեմբերի 28-30-ը Հայաստանում անցկացված Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շուրջ աղմուկը չի դադարում։ ՀՀ իշխանությունները, մի սկանդալից չպրծած, մյուսի մեջ են ընկել։
Հրապարակ թերթը գրել է․ Խորհրդաժողովի ընթացքում եվրոպացի պատգամավորի՝ ՀՀ իշխանությանն ուղղված ոչ ժողովրդավար գործողությունների համար կոշտ քննադատությունը դեռ չմարսած, իշխանականները ստիպված են հանդուրժել նաեւ հարեւան Վրաստանից հնչող կոշտ քննադատությունները, որոնք, ցավոք, հնարավոր է, որ սոսկ քննադատությամբ չավարտվեն, եւ վերջին ժամանակներում առանց այն էլ սրված հայ-վրացական հարաբերություններն ավելի վատ հունով գնան։
Թբիլիսիի դժգոհությունը, հիշեցնենք, հարուցել է Երեւանում Եվրանեսթի ընդունած բանաձեւը, որին կողմ են քվեարկել նաեւ ԵԽԽՎ հայ պատվիրակները` իշխանության ներկայացուցիչները։ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին մեղադրել է հայ պատգամավորներին՝ հայտարարելով, թե նրանք փաստացի դեմ են գնացել պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը:
«Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Վրաստանում էր եւ տարբեր հանդիպումներ է ունեցել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ։ Աջակցելով մի բանաձեւի, որը պնդում է, թե Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ, նրանք անվստահություն են հայտնում իրենց իսկ վարչապետին»,- ասել է վրացի պաշտոնյան՝ հավելելով, թե միայն իր բերած փաստարկը բավարար է՝ ցույց տալու, թե որքան իմաստազուրկ ու անբովանդակ է այդ բանաձեւը, որի միակ նպատակն է՝ հերթական աղյուսը դնել Վրաստանին վնասելու գործում:
ՔՊ-ականներն արդարանում են, թե Երեւանում ընդունված բանաձեւը միայն Վրաստանի մասին չէ, «Արեւելյան գործընկերության ապագան եւ Եվրամիության ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարները, դեպի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության անհրաժեշտություն» վերնագրով փաստաթղթում խիստ քննադատություն կա նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից Բելառուսում բռնաճնշումների, հայ-ադրբեջանական խաղաղության, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին:
Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հիմնավորմամբ, իրենք հակավրացական բանաձեւին կողմ չեն քվեարկել։ Ըստ Կարապետյանի, այդ բանաձեւը Հայաստանի համար կարեւոր դրույթներ է պարունակում, դիցուք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին «աջակցություն հայտնող դրույթը, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիման վրա ապաշրջափակման շուրջ վերահաստատված համաձայնությանն աջակցություն հայտնող դրույթը, Թրիփ նախագծին աջակցություն հայտնող դրույթը, սահմանազատման գործընթացի շարունակականության կարեւորությունն ընդգծող դրույթը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը կոչ անող դրույթը, Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը հասցեագրել պահանջող դրույթը»։ Այսինքն, Հայաստանի պատվիրակությունը չէր կարող ձեռնպահ կամ դեմ քվեարկել մի բանաձեւի, որի մեջ կային նման դրույթներ։
Հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչ, դաշնակցական Արթուր Խաչատրյանն ասում է, որ, իր գնահատմամբ, ընդունված բանաձեւում որեւէ հայամետ կետ չկար, որին պետք է կողմ քվեարկեին։ Նա հիշեցնում է, որ ոչ միայն այդ բանաձեւին են կողմ քվեարկել, այլեւ ՔՊ-ի 4 պատգամավոր «դեմ» է քվեարկել ընդդիմադիր պատգամավորների եւ որոշ եվրոպացի գործընկերների՝ քաղաքական կոմիտեի զեկույցի փոփոխության առաջարկին, որով Եվրանեսթի վեհաժողովն Ադրբեջանից պահանջում էր անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին ու կալանավորված այլ անձանց, ինչպես նաեւ՝ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել բռնի տեղահանված արցախահայերի հավաքական վերադարձն իրենց բնօրրան։ Ինչից հետո պատվիրակության ընդդիմադիր անդամները՝ ինքը, Աննա Գրիգորյանը, Հայկ Մամիջանյանը, որոշել են չմասնակցել բանաձեւի քվեարկությանը: «Ինչ վերաբերում է բանաձեւում հայանպաստ կետերին, մենք այդտեղ որեւէ հայանպաստ կետ չենք տեսել»։ Հարցրինք՝ միտումնավո՞ր են իշխանականները կողմ քվեարկել ոչ միայն հակառուսական, այլեւ հակավրացական բանաձեւին, ընդդիմադիր պատգամավորը հորդորեց իշխանականներից ճշտել։
Նա չցանկացավ կանխատեսում անել, թե ինչ հետեւանքներ կարող է առաջացնել ՀՀ իշխանականների այս քայլը, արձանագրեց միայն․ «Ակնհայտ է, որ վրացական կողմը դժգոհ է»։ Իշխանական կուլիսներում, մինչդեռ, սրտատրոփ սպասում են Վրաստանի հակաքայլերին, առնվազն հայ-վրացական սահմանին բեռնափոխադրման խոչընդոտների տեսքով, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ՀՀ տնտեսության վրա։ Փաստորեն, մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմն է փորձում Հայաստանը ջնջել քարտեզից, մյուս կողմից ՀՀ իշխանություններն իրենք են փչացնում տարածաշրջանում բոլոր հարեւանների հետ հարաբերությունները՝ մեզ զրկելով դաշնակիցներից եւ ուժեղացնելով մեր թշնամիներին։
Հիշեցնենք նաեւ, որ եվրոպական կառույցները Վրաստանի իշխանություններին քննադատող բազմաթիվ բանաձեւեր ու հայտարարություններ են ընդունել: «Վրացական երազանք»-ն ի սկզբանե էր բոյկոտել Եվրանեսթի երեւանյան հավաքը՝ խորհրդարանական պատվիրակություն չգործուղելով Հայաստան:






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի