27/12/2025

Իմ նոր Երկրի իրական կողմը գիրքը պարզունակ հակադրություն չէ Նիկոլ Փաշինյանի Երկրի հակառակ կողմը գրքին․ Հովիկ Աղազարյան

Այսօր ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի Երկրի իրական կողմը գրքի շնորհանդեսն էր, որի առիթով էլ զրուցեցինք նրա հետ։

Պարոն Աղազարյան, ինչի մասին է գիրքը, և ինչու Փաշինյանի գրքի վերնագրի նմանությամբ։

Գիրքը գրելու ցանկություն, մղումն առաջացավ հայտնի դեպքերից հետո, երբ իմ հանդեպ իրադարձություններ տեղի ունեցան, հուսամ՝ բոլորը տեղյակ են այդ մասին։ Փորձում եմ այս գրքով հանրությանը, քաղաքացիներին բացատրել, թե ինչու այդպես եղավ։ Ու հենց այդ մտորումների մեջ էլ ծնվեց վերնագիրը։

Իսկ մինչ այդ՝ տասնամյակ առաջ, երեք պատմվածներ ունեի գրած, որոնք ևս համահունչ էին թեմատիկային, դրանք էլ եմ ներառել գրքում։ Գիրքը սկսվում է ինքնակենսագրությամբ՝ ով եմ, որտեղից եմ գալիս ․․․

Երկրի իրական կողմը պարզունակ հակադրություն չէ Նիկոլ Փաշինյանի Երկրի հակառակ կողմը գրքին։ Բայց ես ուզում եմ ընդգծել այն հակասությունները, որոնք առաջացան, ինչն էլ հանգեցրեց այդ վիճակին։

Հիմա Փաշինյանն ասում է՝ Մենք գտել ենք մեր հայրենիքը, նա ի նկատի ունի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ես ասում եմ՝ պատմական մեծ հայրենիքի մի փոքրիկ հատվածում ստեղծել ենք պետություն, մեր Հայաստանի Հանրապետությունը, սիրենք, փայփայենք ․․․ Այսինքն՝ նա ասում է գտել ենք, ես ասում եմ մենք ավելի մեծն ենք ունեցել, որի մի հատվածի վրա ձևավորել ենք ․․․ Դրանք էապես տարբեր բաներ են։

Գրքում կան գործող անձինք և նրանց թվում Ձեր երբեմնի հավատարիմ գործընկերները, այսօր պարզապես ՔՊ խմբակցությունից ․․․

Այո, իհարկե կան։ Անդրադարձել եմ իրադարձություններին, թե ինչը ինչու այդպես ստացվեց, ում միջամտությամբ։ Իշխանության փորձությունը շատ դաժան է, որևէ մեկը չի կարող դրան դիմանալ։

Անդրադարձել եմ նաև իմ հեռախոսի բովանդակության պատմությանը, որ մինչև հիմա առգրավված վիճակում է։ Երևի հիշում եք ինչ էին խոսում, թե ինչեր է գրված նամակագրություններում։ Աշխատել եմ թույլատրելիության եզրով ներկայացնել։ Ընդհանուր առմամբ սա է, որպեսզի ընթերցող քաղաքացին հասկանա, իմանա իրականությունը։

Իհարկե՝ կան իմ հանդեպ դատապարտելի որոշ բաներ, բայց երբ դա երկու անձանց միջև նամակագրություն է, որի կողմերը չեն բողոքում, պաշտպանություն չեն խնդրում, այդ դեպքում՝ ում ինչ գործն է։ Նաև՝ այդպիսի հարցերին եմ պարզաբանումներ տվել։ Եվ՝ փորձել եմ գեղարվեստական երանգ տալ, որպեսզի նաև հետաքրքիր լինի կարդալ։

Այսինքն գիրքը զուտ փաստավավերագրական չէ, նաև՝ գեղարվեստական երանգ ունի ․․․

Այո, հետաքրքրացրել եմ նաև այդ առումով, իմ ուժերի, կարողությունների սահմաններում, որ մատչելի լինի կարդալ։ Սկզբի հատվածում է․ Իմ առաջին մեղքը վերնագրված գլուխը, որը մինչ այդ հրապարակվել է մամուլում Ամեն բան կա՝ և՛ այսօրվա դեպքերի, և՛ սոցիալ – հոգեբանական կտրվածքներով։

Այսինքն ընթերցողն իր համար նոր բացահայտումներ կանի, թե՝ միայն լույս եք սփռում կատարված իրադարձությունների վրա։

Նոր բացահայտումներ իհարկե ու շատ կանի, մարդիկ իրենք իրենց համար կպարզեն, թե Նիկոլ Փաշինյանն ինչու դարձավ այսպիսին, ինչպիսին այսօր է։ Ես գտնում եմ, որ նա իբրև քաղաքական, հասարակական գործիչ ու իբրև մարդ սպառվել է և վերածվել է լրիվ այլ անհատականության։ Փաշինյանի արժեհամակարգերը փոխվել են, որի արդյունքում՝ նա վերածվել է ավտորիտար ղեկավարի, իր բոլոր բացասական հետևանքներով։ Հիմա՝ հայրենիք գտնել – կորցնելու ճանապարհին սևեռուն գաղափար ունի Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին, որն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում։

Ինքն էլ գիտե, ես էլ գիտեմ, թե որտեղ է մեր հարաբերությունները փչացել, ինչը քանի գնում ավելի է խորանում՝ իր մտասևեռումներով հանդերձ։ Եթե իշխանությունը փոխի սահմանադրությունը, զինանշանը, օրհներգը, ապա մի քանի տարի հետո պատմաբաններն այն անվանելու են չորրորդ Հանարպետություն, որը պարզապես երրորդ Հանրապետության շարունակությունն է։ Իսկ նա ցանկանում է ուղղակի քանդել երրորդ Հանրապետությունը և նոր միայն ստեղծել չորրորդը, ինչը շատ վտանգավոր է։

Իսկ ձեր միջև խնդիրները միջանձնային էին և են, թե՝ մեր Հանրապետությանը վերաբերող։

Ոչ՝ միջանձնային չեն, երկրին, քաղաքականությանը, թիմին վերաբերող խնդիրներ են։ Բոլորիս մեջ էլ կան և բացասականը, և դրականը, իր մոտ դրսևորվեցին բոլոր տեսակի բացասական երևույթները։ Գրքում գրված է այդ մասին, թե՝ ինչու։ Պարզապես՝ Փաշինյանը մի պահ հասկացավ, որ ես թիմում կարող եմ ոմանց ուժերը կոնսոլիդացնել և տարբեր իրավիճակներում խնդիրներ առաջացնեմ իր համար։ Մասնավորապես՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը շատ կարևոր է ու անընդունելի։ Հիմա նա ձևեր է թափում, թե չէ, նման բան չկա, բայց վերջում իր նպատակը դա է, մենք պետք է դա կանխարգելենք։

Զրուցեց՝ Սիմոն Սարգսյանը