26/12/2025

ՀՀ-ն և ԱՄՆ-ն համատեղ իրավաբանական ընկերություն կստեղծեն. Փաշինյանը մանրամասներ է հայտնել

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովին:

Նա խոսել է «Թրամփի ուղի» նախագծի մասին՝ ներկայացնելով մանրամասներ:

«Առաջին գործողությունը, որը մենք կանենք, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է: Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է:

Հաջորդիվ տեղի է ունենալու ՀՀ-ի և ԱՄՆ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի TRIPP ընկերություն կամ TRIPP route: Անվան վերջնականացումն ընթացքի մեջ է: Ընկերության տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն ՀՀ-ն և ԱՄՆ-ն»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք:

«Սա շատ կարևոր ըմբռնում է և շատ կարևոր արձանագրում է»,- հավելել է վարչապետը:

«Երկաթուղու պարագայում, երբ խոսում ենք երթուղիների մասին, վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու երկաթուղին. դա մեր հարավային երկաթուղին է, որը Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր-Կարճևան հատվածներում, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծում նշված է»:

Նա նշել է, որ ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ, կառուցվելու է, վերականգնվելու է այդտեղ. «Ինչո՞ւ ակնհայտորեն, որովհետև այլ տեղ գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ, կամ եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործնականում հնարավոր է, ապա տասնյակ անգամներով թանկ կլինի այդ երկաթուղին:

Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք, ովքեր տեղում եղել են, գիտեն, որ ռելիեֆային առումով տարածքը նույնիսկ երկաթուղու համար բավականին սահմանափակ է, հնարավոր չէ բոլոր ենթակառուցվածքները և նախագծերն իրականացնել այս տեղում, հետևաբար դա, իհարկե, տեխնիկատնտեսական հետազոտության խնդիր է:

Օրինակ՝ գազամուղները, նավթամուղները, էլեկտրահաղորդման գծերը կարող են իրականացվել այլ երթուղիներով, որոնք հենց տեխնիկատնտեսական և ինժեներական առումով առավել արդյունավետ և նպաստավոր կլինեն: Այլ տեղեր ասելով՝ նկատի ունեմ ՀՀ-ի ցանկացած այլ տարածքով: Սա մի կարևոր նրբություն է, որի մասին ուզում էի անպայման ընդգծել»:

Փաշինյանն անդրադարձել է նաև այն թեմային, թե ՀՀ-ի որևէ ինստիտուտ ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ գործառութային որևէ սահմանափակում ունենալո՞ւ է այդ տարածքների վերաբերյալ. «Հստակ, աներկբա, միանշանակ, տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ՝ ո՛չ»:

Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ. «Այս տարի արդեն մենք կբացենք Հյուսիս-հարավ ճանապարհի Գյումրիից Երևան հատվածը, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն։ Նաև Ագարակ-Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով: Ներկայում շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ, և նաև առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ քննարկումներում մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ»:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևոր է համարել Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական ցորենի ներկրումը Հայաստան. «Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանից և Ղազախստանից, իհարկե, առայժմ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով: Խորհրդային ժամանակներում Հայաստանն Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել է Տավուշի մարզով և Սյունիքի մարզով»:

Վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ՝ Մարգարայով և Կոռնիձորով. «Այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է: Մնացած բոլոր հատվածներում նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունն առկա է, բայց այնտեղ մենք ներդրումներ ունենք անելու»: