26/12/2025

Ինչը կբավարարի՞ քրդերի սպասելիքները Էրդողանից

Թուրքիայի խորհրդարանում ձևավորված «ազգային համերաշխության» հանձնաժողովը, որ կոչված է իշխանություններին քրդական հարցի կարգավորման վերաբերյալ խորհրդատվական առաջարկություններ ներկայացնել, նոյեմբերի 18-ին գումարել է կատարած աշխատանքներն ամփոփող նիստը:

Այդ հանձնաժողովում ներգրավվել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Թուրքական մամուլի հրապարակումներից դատելով, հանձնաժողովի քննարկած ամենակարեւոր հարցը վերաբերում է «Քրդական բանվորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլա Օջալանին:

Վերջինս թուրքական դատարանի կողմից ցմահ բանտարկության է դատապարված և պատիժը կրում է Իմրալի կղզու ուժեղացված ռեժիմի բանտում: Նման ենթադրության օգտին է խոսում տեղակատվությունը, որ խորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը «մտադիր է այցելել Իմրալի»:

Ակնհայտ է, որ այդ այցի նպատակն Օջալանի հետ հանդիպումն է: Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջադրված «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» նպատակն իրագործելու համար քրդական հարցը պետք է ինչ-որ սկզբունքային լուծում ստանա:

Ազգային մեծ ժողովում քրդերի շահերը ներկայացնող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորները մի քանի հայտարարություն են տարածել և շոշափել Օջալանի պատիժը վերանայելու հնարավորությունը:

Իշխանությունները միանշանակորեն չեն մերժել խնդրի քննարկումը: Այժմ, երբ խորհրդարանական հանձնաժողովը փակ նիստում քվեարկել է կառավարությանը ներկայացվող առաջարկությունների փաթեթը, տեղեկություն կա, որ պատգամավորական պատվիրակությունը պատրաստվում է «առաջիկա ուրբաթ այցելել Իմրալի», կարելի է զգուշորեն ենթադրել, որ Էրդողանը պատրաստվում է Օջալանի վերաբերյալ «ինչ-որ որոշում կայացնել»:

Նախօրեին հայտնի է դարձել, որ ՔԲԿ զինված վերջին խմբավորումը հեռացել է Թուրքիայի տարածքից և հանգրվանել Իրաքի հյուսիսում:

Թուրքիան Գազայում ստեղծված իրավիճակի և կարգավորման ամերիկյան ծրագրի ֆոնին միջազգային վարկանիշի բարձրացման խնդրի ունի: Այդ համատեքստում Էրդողանն, իրոք, կարող է Օջալանի վերաբերյալ «մարդասիրական վճիռ կայացնել»:

Բայց, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կախված կլինի Իմրալիում ՔԲԿ առաջնորդի հետ հանդիպման արդյունքներից: Շատ դժվար է հավատալ, որ Օջալանին ներում և քաղաքական գործունեության ազատություն կշնորհվի:

Ըստ երևույթին, կկայացվի պատժի կրման ռեժիմի բարելավման կամ նույնիսկ փոփոխության որոշում: Բայց դա կբավարարի՞ քրդերի սպասելիքները: