Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Թբիլիսի այցելած ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասի հետ:
Այդ մասին տեղեկացնում է վրացական apsny.ge առցանց լրատվամիջոցը՝ հղում անելով պաշտոնական հաղորդագրությանը: Ըստ այդմ՝ Ժորժոլիանին հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին գոհ չէ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից և հավաստիացրել, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ռազմավարական համագործակցություն սկսել մաքուր էջից։
Հաղորդագրության հետագա տեքստից պարզվում է, որ ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խորհրդական Ասկոնասը Թբիլիսի է այցելել կոնկրետ նպատակով: «Կողմերն ուշադրություն են դարձրել Վրաստանում և Արևելյան Եվրոպայում տարանցիկ փոխադրումներին և կապի գործառույթների բարելավման քայլերին»,- ասված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրությամբ:
Այդ համատեքստում Լևան Ժորժոլիանին պետքարտուղարության ավագ խորհրդականին «պատմել է Վրաստանի կառավարության կողմից երկաթուղային, ավտոմոբիլային և նավահանգստային ենթակառուցվածքների զարգացման ուղղության կատարվող ներդրումների մասին»:
Հանդիպմանը քննարկվել է «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման հարցը, ընդգծվել է, որ այն «կարող է ամերիկյան կողմի բեռների տեղափոխման անվտանգության առումով տարածաշրջանի վրա դրական ազդել», ինչպես նաև «բարձր է գնահատվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Վրաստանի դերը»:
Հանդիպմանը վրացական կողմից մասնակցել է նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Խվիտիսշվիլին:
Այլ տեղեկություններով՝ ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խորհրդականը նաև այցելել է Վրաստան-Հայաստան սահմանի «Սադախլո» անցակետ:
Արևելյան Եվրոպա – Վրաստան – «Թրամփի ուղի» փոխկապակցված երթուղով ամերիկյան ի՞նչ բեռնափոխադրումների մասին է խոսքը, դժվար է նույնիսկ կողմնորոշվել, բայց հատկանշական է, որ փոխպետքարտուղար Հուկերի Հայաստան և պետքարտուղարության գլխավոր խորհրդական Ասկոնասի Վրաստան այցը ժամանակային առումով համընկնում է, ինչը վկայում է, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները կյանքի կոչելու հարցում Միացյալ Նահանգները գործնական է տրամադրված:
Վրաստանի ներգրավվածության հնարավորության քննարկումն այս առումով չափազանց կարևոր է, քանի որ դա ենթադրում է «Թրամփի ուղու», այսպես ասած՝ «հյուսիսային ճյուղավորում», իսկ դա իր հերթին ենթադրում է Նախիջևան-Հայաստան հաղորդակցության ծրագրավորում:
Այդ հեռանկարը կարեւոր է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում: «Թրամփի ուղու» քննադատները մեկ անգամ չէ, որ իշխանություններին քննադատել են Ադրբեջանին Նախիջեւանի հետ անխոչընդոտ հաղորդակցություն տալու և փոխարենը ոչինչ չստանալու համար:
Վրաստանին Միացյալ Նահանգների կողմից արված առաջարկությունը կարող է երկու երկրների համագործակցության վերբեռնման հնարավորություն ստեղծել:






Բաց մի թողեք
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ