23/12/2024

Ալիեւին Մոսկվա էին հրավիրել Կրոկուսի ահաբեկությունից ուղիղ մեկ ամիս անց

Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային անվտանգության հանդիպման մասնակիցներին հղված տեսաուղերձում:

«Ռուսաստանի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները շարունակում են պարզել և ուսումնասիրել այս ստոր հանցագործության բոլոր մանրամասները, այդ թվում՝ պատվիրատուներին, հովանավորներին և կազմակերպիչներին», հայտարարել է Պուտինը: Խորհրդանշական է, որ այդ հայտարարությունը հնչում է երկու օր առաջ Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Ալիեւ բանակցությունից հետո:

Բանն այն է, որ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկության մասին խոսակցություններում, տեղեկատվական հոսքերում «կարմիր թելով» անցնում են Աղալարովները՝ Իլհամ Ալիեւի նախկին խնամիները, ադրբեջանական ծագմամբ միլիարդատերը, որին պատկանում է Կրոկուսը:

Ռուսաստանում շատ են խոսում, որ ահաբեկության զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ մեծամասնությունը մահացել է հրդեհի ծխից, քանի որ չի աշխատել օդափոխության եւ հակահրդեհային համակարգը, չեն գործել էվակուացիոն ճանապարհները:

Իհարկե այդ ամենը սեփականատերերին ահաբեկության ակտիվ կամ պասիվ աջակցության համար մեղադրելու հիմք է, թե ոչ, պարզ չէ, դա կիմանան իրավապահները, որոնք ըստ Պուտինի քննում են գործն ու ամեն ինչ անում են բոլոր պատասխանատուներին բացահայտելու համար:

Բայց, Ռուսաստանում ներկայումս ներքին այնպիսի «վերնախավային» վիճակ է, որ Կրեմլը թերեւս բոլորովին դեմ չի լինի ցանկացած առիթ օգտագործել պտուտակները բավականին ձգելու համար, ընդ որում հնարավորության դեպքում՝ ընդհուպ նաեւ երկրի սահմանից դուրս, արտաքին գործերում խաղարկելու համար:

Հայտնի չէ, արդյո՞ք Պուտինը ապրիլի 22-ին հրավիրելով Ալիեւին, նրանից անհրաժեշտ համաձայնություններ ստանալու նպատակով սեղանին կարող էր դնել Աղալարովների ճակատագրի հետ կապված հարցեր, նրանց «փրկագինը»՝ Կրոկուսի առիթով, բայց մեկ այլ խորհրդանշականություն է այն, որ Ալիեւին Մոսկվա էին հրավիրել Կրոկուսի ահաբեկությունից ուղիղ մեկ ամիս անց՝ ապրիլի 22-ին: