Բոլոր համապետական ընտրություններին ընդառաջ, Հայաստանում մշտապես մոլեգնել է պոպուլիզմը, հատկապես օրվա իշխանությունները պոպուլիստական նախաձեռնությունների, ձեռնարկների մարաթոն են հայտարարել։
Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ բացառություն չէ, եթե չասենք, որ «Փաշինյանի իշխանություն» եւ «պոպուլիզմ» բառերը վաղուց հոմանիշ են դարձել։ Բայց որ մեր օրերում «ազգափրկիչ» ընդդիմությունը նույնպես կտրվեր թրենդին եւ իշխանությունից հետ չէր մնա, դժվար էր պատկերացնել։
Փաստն այն է, որ վերջին շրջանում գոնե խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունները պարապ վախտի խաղալիք են հիշեցնում, ամբոխահաճո են, բայց՝ անիրատեսական։ Շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքն էր, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ էր բերել խորհրդարան, այն դեպքում, որ ՔՊ-ից աջակիցներ չունեն, իմպիչմենտի համար բավարար թվով ձայներ, արդյունքում հենց «օրորոցում» ՔՊ-ն «խեղդեց» այն։
Փոխարենը Սերժ Սարգսյանի թիմակիցները մի քանի խրոխտ ելույթով փորձեցին ամրագրել իրենց տեղն արմատական ընդդիմադիր դաշտում, համոզել, որ հենց իրենք են Փաշինյանի ամենաթունդ ընդդիմադիրները։
Բացի այդ՝ Սերժ Սարգսյանի թիմակիցները բարդույթներ ունեն եւ ուզում էին «կոնկուրենտ ֆիրմային»՝ Ռոբերտ Քոչարյանի թիմին ապացուցեին իրենց «ճիշտը»։ Քոչարյանականներն այլ դիրքորոշում ունեն իմպիչմենտի հարցում․ քանի դեռ չունեն իմպիչմենտի համար պահանջվող ձայները, կարծում են, որ իշխանության դեմ պայքարի այդ գործիքին չպետք է մոտենալ։ Եվ երկրորդ․ Սերժ Սարգսյանի թիմում անընդհատ փորձում են ձերբազատվել մեղադրանքներից, որ երրորդ նախագահն է բերել Նիկոլին, եւ հնարավոր ու անհնար ճանապարհներն օգտագործում են՝ հակառակում համոզելու համար։ Սեփական քմահաճություններին տուրք տալով՝ ընդդիմադիրները հերթական անգամ կանգնեցին կոտրած տաշտակի առջեւ, ձախողվեց անվստահության նախաձեռնությունը՝ ավելի խորացնելով հասարակության մեջ առկա հիասթափությունն ու ապատիան։
Երեկ էլ հերթը Քոչարյանի թիմակիցներինն էր, ի դեպ, եթե «Հայաստան» դաշինքի պատգամավորները գործընկերային պահվածք էին դրսեւորել, եւ մի քանի պատգամավոր մշտական հանձնաժողովում մասնակցում էր ՊՈՒ-ի հեղինակած նախագծի քննարկմանը, երեկ «Հայաստան»-ցիները մեն-մենակ էին մնացել ՔՊ-ականների հետ՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ։ Նախագծի հիմնական զեկուցողը դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանն էր, որ տեղեկացրեց՝ նոյեմբերի 26-ին էլ լսումներ են հրավիրել նույն թեմայով, նաեւ նամակ-հրավեր փոխանցվեց Գլխավոր դատախազություն՝ լսումներին մասնակցելու համար։
Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ Հայաստանում մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում ԵԽԽՎ 1900 բանաձեւի սահմանած չափանիշներով․ ունենք կալանավորված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյան, որին ոչ միայն քաղբանտարկյալ, այլեւ խղճի բանտարկյալ կարելի է անվանել, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան եւ նույն գործով անցնող մյուս 17 անձինք․ դատական նիստերը խիստ կասկածի տակ են դնում գործի անաչառությունը։ Ընդդիմադիր պատգամավորը բազմաթիվ հայտնի ճշմարտությունների մասին խոսեց, այդ թվում հայտարարեց՝ ԱԺ ամբիոնը պետական անձանց կողմից սուտ եւ կեղծ տեղեկության տարածման համար է ծառայել․ Աննա Վարդապետյանը եւ ՔԿ ղեկավարն են դա արել՝ տարբեր գործերով․ «ՔԿ ղեկավարը հայտարարեց, որ առկա է ձեռքով գրված ահաբեկչության պլան, մինչդեռ գործի նյութերում նման բան չկա»։
Սակայն անգամ Արծվիկ Մինասյանը Վլադիմիր Վարդանյանի ճոռոմ ելույթից հետո ստիպված եղավ խոստովանել, որ չեն ակնկալում, թե իշխանությունը կընդունի, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ «Կարո՞ղ եք մատնանշել որեւէ երկիր, որի իշխանությունն ընդունել է, որ իր երկրում կան քաղբանտարկյալներ»,- իր հռետորական հարցին Մինասյանն ինքն էլ բացասական պատասխան տվեց ու ասաց, թե իրենք էլ միամիտ չեն, որ կարծեն, թե Փաշինյանի իշխանությունում նման խոստովանություն կարող են անել, պարզապես բերել են հայտարարության այս տեքստը, լսումներ կան, որ հանրության ավելի լայն շերտեր իմանան այդ մասին, կհրավիրեն Հայաստանում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը եւ այլն։
Իհարկե, ոչ մեկը չի ասում, թե լսումների կամ քաղբանտարկյալների համար ակցիաների օրակարգն անարդյունավետ է, անիմաստ, 2000-ականներին բազմաթիվ նման ակցիաներ են անցկացվել նույն՝ Նիկոլ Փաշինյանի համար, բայց տարբեր էր իրավիճակը․ այն ժամանակ Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու հավաքական Արեւմուտքն անմիջապես արձագանքում էին նման ցանկացած դեպքի եւ ճնշում գործադրում ՀՀ իշխանությունների վրա, բայց հիմա նույն ընդդիմադիրները պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում են, որ Արեւմուտքը, հետեւաբար՝ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները, լիակատար աջակցում են Փաշինյանի իշխանությանը եւ իրենց լռությամբ կանաչ լույս վառում ՀՀ-ում մոլեգնող «բեսպրեդելի» առաջ։ Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի այս ամենից հետո նման նախաձեռնությամբ հանդես գալ, «թիթեռ նկարել» եւ երբեմն հակասել իրենց նախկին հայտարարություններին։
Օրինակ, Վլադիմիր Վարդանյանը քանիցս հարցրեց՝ եթե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինչո՞ւ հավատարմագրված դեսպաններից եւ ոչ մեկը չի բարձրաձայնում դրա մասին, ինչո՞ւ ԵԽԽՎ կամ միջազգային այլ կառույցների զեկույցներում այդ մասին չի արձանագրվում։ Սակայն Մինասյանն այդ հարցադրումները շրջանցեց, փոխարենն ասաց, որ լսումների միջոցով նրանց ուշադրությունը կհրավիրեն։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով