Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը թուրքական «Analiz» թերթին ներկայացրել է երկրի առևտրային և լոգիստիկ ռազմավարական առաջնահերթությունները։ Նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտնում է Էրմենիհաբեր-ը:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Մարմարայը, Յավուզ Սուլթան Սելիմի կամուրջը, Կարս-Ստամբուլ-Եվրոպա կապուղիները, Զանգեզուրի միջանցքը և Զարգացման ճանապարհի նախագծերը վճռորոշ ենթակառուցվածքային քայլեր են, որոնք Թուրքիան ձեռնարկում է համաշխարհային առևտրում իր դիրքերը ամրապնդելու և առաջ մղելու համար»։ Բացի այդ, շարունակելով խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ այն իրենց երկիրը կապելու է թյուրքական աշխարհի և կենտրոնական Ասիայի հետ։ «Դա ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն»,- հավելել է նա։
Անդրադառնալով ներկայումս դեպի Կենտրոնական Ասիա իրականացվող արտահանումների ճանապարհներին՝ Բոլաթը տեղեկացրել է, որ դրանք Սարպի սահմանային անցակետով անցնում են շուրջ 950 կմ հեռավորություն, ապա ընդգծել, որ երբ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճանապարհային հեռավորությունը կկրճատվի մինչև 400 կիլոմետր: Նախարարը պնդել է նաև, որ այդպիսով Չինաստան-Եվրոպա գծի տարանցման ժամանակն իր հերթին կկրճատվի 5-7 օրով, իսկ ծախսերը՝ 15-20%-ով:
«Չնայած դժվար է զրոյացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը, բայց առևտրային ներուժի գրավչությունը բավականաչափ ուժեղ է այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Երկարաժամկետ հեռանկարում Զանգեզուրը կվերածվի տարածաշրջանային վստահություն ձևավորող խաղաղության նախագծի։ Զարգացման ճանապարհը և Զանգեզուրի միջանցքը նախատեսված են ոչ միայն բազմամոդալ փոխադրումների համար: Դրանք դիտարկվում են նաև որպես ռազմավարական էներգետիկ և հաղորդակցության միջանցքներ»,- հավելել է Թուրքիայի առևտրի նախարարը։






Բաց մի թողեք
Հ1-ի ամանորյա ծրագրում նորից ընդգրկված չէ Գարեգին Բ-ի ուղերձը, փոխարենը՝ Վահագն Ալեքսանյանը կխոսի
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»