28/12/2025

Օկուպացված Արցախում հայի են կալանավորել․ Լուսանկար

Բաքուն հերթական ֆարսն է հրապարակ նետել՝ շարունակելով հայից կերտել «թշնամական» կերպար:

Այսպես, Օկուպացված հայկական Ստեփանակերտի քաղաքային ադրբեջանական դատարանը նախնական կալանք է նշանակել, ենթադրաբար, տեղի բնակիչ Կարեն Ավանեսյանի նկատմամբ, ով, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, մեղադրվում է «մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ»:

Նշվում է, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է Գյանջայի /հայկական Գանձակի-խմբ./ ծանր հանցագործությունների դատարան։

Ըստ մեղադրողի, այս տարվա սեպտեմբերի 14-ին, օկուպացված Ստեփանակերտի տարածքում Ավանեսյանը երկար ժամանակ «գաղտնի զենք է կրել, պահել, փորձել է հրազենի գործադրմամբ և պայթյունների միջոցով «ահաբեկչություն» կատարել քաղաքում՝ իբր, խուճապ, հարուցելով բնակչության շրջանում»:

Նշվում է նաև, որ 1967 թվականի ծնված Ավանեսյանն, իբր, «անկանոն կրակ է բացել մոտեցող ոստիկանների վրա, ապա նրանց ուղղությամբ նետել է ձեռքի նռնակներ և պայթեցրել դրանք։ Արդյունքում, երեք ոստիկաններ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, սակայն փրկվել են ժամանակին տարհանման և անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերման շնորհիվ»: