02/12/2025

10 սրբազաններ հանդես են եկել «ինքնաքննադատությամբ»

Նիկոլ Փաշինյանը կանգ առնելու, հայոց եկեղեցու զավթումից հրաժարվելու մտադրություն չունի` նա առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, շարունակում է եկեղեցին փլուզելուն ուղղված արշավը:

8 սրբազանները, որոնք նախօրեին հանդիպել էին Փաշինյանի հետ` նույն օրն արած հայտարարությունյունից հետո, այսօր նոր հայտարարություն են արել, որն այս անգամ 10 հոգի է ստորագրել:

Այս անգամ Վեհափառին ոչ թե Արշակ սրբազանին պաշտպանելու մեջ են մեղադրում, այլ մեղքերի թվարկումը սկսել են 1999 թվականից` կաթողիկոսի ընտրությունից:

Բազում այլ մեղքերի թվարկում էլ կա, բայց առանց կոնկրետ փաստերի: Մեր ուշադրությունը գրավեց հատկապես այս հատվածը. «Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»:

Քանի որ հայտարարության տակ Հայ առաքելական եկեղեցու ամենավարկաբեկված հոգևորականների ստորագրություններն են, մեզ թույլ կտանք ենթադրել, որ սա ինքնաքննադատություն է, քանի որ պաշտոն ստացած միջակություններ, անարժաններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցող ասելով Հայ Առաքելական եկեղեցում նախ և առաջ հենց ստորագրողներին են հասկանում: