Մոսկվայում սպասում են ԱՄՆ նախագահի երկու ամենավստահելի բանագնացներին՝ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆին և Ջարեդ Քուշներին, որ Դոնալդ Թրամփի փեսան է:
Մինչ այդ նրանք Մայամիում բանակցություններ են վարել Ուկրաինայի պատվիրակության հետ: Արդյունքների մասին մանրամասնություններ հայտնի չեն, բայց, երևում է, Ռուսաստանում տեղեկացված են և չափազանց դժգոհ:
Համեմատաբար ազատական համարվող «Նեզավիսիմայա գազետան», մասնավորապես գրել է, որ «Թրամփի ծրագիրն անճանաչելիության աստիճանի փոխվել է»:
Հրապարակման հեղինակն, ըստ այդմ, եզրակացնում է, որ «Ռուսաստանը փաստացի բոլոր ուղղություններով դիմակայության մեջ է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, որոնք Կիևի աշխարհաքաղաքական կույր դաշնակիցներն են, նրանք չեզոք չեն, կողմնակի դիտորդ չեն, անաչափ փորձագետ չեն, Պուտինը հասկացել է, որ նրանք թշնամի են», – և բխեցնում, որ Ռուսաստանի ռազմավարական շահը պահանջում է «ստեղծել Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետություն, ահա ինչու է Պուտինը պարբերաբար կրկնում, որ Արևմուտքը ձգտում է Ուկրաինայում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել»:
Ռուսաստանյան լրատվամիջոցի եզրակացությունը ոչ այնքան չարագուշակ, որքան բացահայտ սպառնալի է: Հեղինակը գտնում է, որ չորս տարի տեւող պատերազմից «անհնար չի թվում ռուսաստանցիներին գոտիները ձգելու մեջ համոզելը, որպեսզի ապահովվի Կիևի և նրա դաշնակիցների լիակատար և անվերապահ կապիտուլյացիան, իսկ հետո արդեն Կիևի վերջնական ավերակների վրա հաղթողի ուժի դիրքերից ձենամուխ լինել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության կառուցմանը»:
Կարելի է, իհարկե, վարկածել, որ ԱՄՆ նախագահի ամենավստահելի երկու բանագնացների հետ հանդիպմանն ընդառաջ Մոսկվան տեղեկատվա-քարոզչական չափազանց կոշտ ֆոն է ստեղծում, որպեսզի վերահաստատվի կարգավորման Թրամփի նախնական ծրագիրը, բայց նույնիսկ այդ դեպքում «Կիևի վերջնական ավերակների վրա հաղթողի ուժի դիրքերից» հանդես գալու հավանականության բաց հանրայնացումը վկայում է, որ Ռուսաստանում Ուկրաինայի ինքնիշխանությունը չեն ճանաչում, ինչպես նաև՝ նրա եվրոպական դաշնակիցների լեգիտիմությունը:
Պուտինը ձգտում է սեփական «կարգը» հաստատել ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլեւ առնվազն Արևելյան Եվրոպայում: Փաստացի դա Արևմուտքի ռազմավարական պարտություն և Պոտսդամի պայմանավորվածություններին վերադարձ է նշանակում:
Ամենասկզբից նա առաջարկում էր «Յալթա-2» ձևաչափով «աշխարհաբաժանում կատարել»:
Այսօր արդեն պահանջում է, ինչպես Ստալինը՝ Պոտսդամում: Դոնալդ Թրամփը, մինչդեռ հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում ոչ թե ԽՍՀՄ-ը, այլ Միացյալ Նահանգներն է հաղթել:






Բաց մի թողեք
Էքսկլյուզիվ․ 2025 թվականի լավագույնները. Եվրոպական խորհրդարանի հինգ կարևորագույն պահերը
«Եվրոպան պայքարի մեջ է», – պնդեց նա՝ «կայսերական նկրտումների և կայսերական պատերազմների» «անողոք» աշխարհում
Սուրբ Ծնունդը դառնում է Եվրոպայի մշակութային պատերազմների նոր ճակատագիծ