14/12/2025

Ադրբեջանում Փաշազադեն կկալանավորվի, Հայաստանում՝ Գարեգին Բ-ն

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Իլհամ Ալիևի հրամանագրով ԱԻՆ փոխնախարարի պաշտոնից ազատվել է Թիմուր Մեհթիևը: Նա նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի որդին է, այդ պաշտոնին նշանակվել է Իլհամ Ալիևի կողմից՝ ավելի քան տասը տարի առաջ:

Մամուլին հայտնի է դարձել, որ կրտսեր Մեհթիևի պաշտոնազրկումը կապված է «Մոսկվայում Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևի հետ նրա հանդիպումների հետ»:

Ըստ այդմ, Թիմուր Մեհթիևը Պուտինի օգնական Նիկոլայ Պատրուշևի հետ «քննարկել է Ադրբեջանում X օրվա դեպքում Մոսկվայից աջակցություն ստանալու հնարավորության հարցը»:

Նիկոլայ Պատրուշևը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրենն է, զբաղեցրել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Նրա որդին՝ Դմիտրի Պատրուշևը, նշանակվել է փոխվարչապետ:

Որոշ տեղեկություններով, առաջիկայում «նա վարչապետի պաշտոնում կփոխարինի Միխայիլ Միշուստինին»: Հաշվի առնելով իրողությունը, որ Ադրբեջանում անգամ «ընդդիմադիր» մամուլն է խստորեն վերահսկվում, ապա Պատրուշև-կրտսեր Մեհթիև հանդիպումների և քննարկած հարցերի մասին տեղեկատվությունը կարող էր հրապարակայնացվել միայն Իլհամ Ալիևի աշխատակազմի իմացությամբ:

Ալիեւն, այդպիսով, կտրուկ բարձրացնում է Մեհթիևի դեմ հարուցված քրեական գործի քաղաքական կշիռը: Ըստ էության, նա Վլադիմիր Պուտինին մեղադրում է իր դեմ «պետական հեղաշրջման փորձին աջակցելու» մեջ:

Երևում է, «Մեհիթիևի գործը» չափազանց լուրջ է: Քաղաքական գործիչ Իգբալ Աղազադեն, որ վերջին երեք ընտրություններում Իլհամ Ալիևի մշտական «մրցակիցն» է եղել, ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ ստեղծված իրավիճակը գնահատել է «անկախությունից ի վեր ներքաղաքական ամենամեծ փորձությունը»:

Բաքվի oxu.az կայքն այդ համատեքստում տեղեկություն է տարածել, որ Մեհթիևի հետ «քաղաքական և բիզնես կապերի մեջ կասկածվում է նաև» Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն: Շեյխ Փաշազադեն այդ պաշտոնին նշանակվել է խորհրդային շրջանում:

Նրա պաշտոնական կենսագրությունից հայտնի է, որ հոգևոր կրթություն ստանալուց հետո «մի քանի տարի որպես թարգմանիչ աշխատել է Աֆղանստանում»: Հայտնի է, որ նա ներգրավվել է աֆղանական գերության մեջ հայտնված խորհրդային զինվորների ճակատագիրը պարզելու և հայրենադարձության հարցերով բանակցություններին:

Շեյխ Փաշազադեն ծագումով էթնիկ թալիշ է, բարձրագույն հոգևոր կրթություն ստացել է Իրանում: Ադրբեջանական բազմաթիվ բաց աղբյուրներ նրան համարում են խորհրդային ՊԱԿ-ի գործակալ, որ հավաքագրվել է դեռևս Հեյդար Ալիևի կողմից:

Փաշազադեն քառասունչորսօրյա պատերազմից հետո Իլհամ Ալիևի կողմից «մոռացության է մատնված»:

Բավական է ասել, որ անցած հինգ տարիներին նա «ազատագրված տարածքներում» չի եղել: Ըստ երևույթին, նա լրջորեն կասկածվում է «պետական հեղաշրջման փորձին» ներգրավվածության մեջ:

Փաշազադեն բավական առաջացած տարիքում է, նրա հետ «ամեն ինչ կարող է պատահել»: Եթե, իհարկե, Ալիևը նրան ձերբակալելու որոշում չընդունի:

Ստացվում է, որ Ադրբեջանում Ադրբեջանում Փաշազադեն կկալանավորվի, Հայաստանում՝ Գարեգին Բ-ն ․․․