Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է, որ նպատակահարմար է ընտրել կաթողիկոսական տեղապահ, բարելավել Եկեղեցու Կանոնագիրքը, որից հետո անցկացնել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ:
Նա առաջարկել է, որ եկեղեցիներում տեղադրվի ՀՀ պետական դրոշը, պատարագների օրը հնչի Հայաստանի օրհներգը:
Սոցիալական մեդիայում տեսակետ է տարածվել, որ Փաշինյանը «պետականացնում է եկեղեցին» և մերժում նրա առաքելական հիմքը: Ըստ այդմ, դա ՀԱԵ հեղինակությունը «ստորադասում է Վատիկանին և Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանին»:
Վերջերս ուշադրություն էինք հրավիրել, որ Մայր աթոռը սկսել է Գարեգին Բ.-ին ոչ թե Լուսավորչի, այլ Թադեոս առաքյալի գահի ժառանգորդ անվանել և կարծիք հայտնել, որ, հավանաբար, դա խորհրդանշում է «ճակատագրապաշտություն», փորձ է արվում ՀԱԵ Հովվապետին ներկայացնել որպես «քրիստոնեական հալածյալի», որպիսին Թադեոս առաքյալն էր:
Պարզվում է, այդ ընկալումը միայն առերևույթական է: Խորքային իմաստով Մայր աթոռը հրաժարվում է Տրդատ թագավորի կողմից քրիստոնեությունը պետական կրոն հաստատելու նարատիվից և նպատակ է դրել վերականգնել իր վերպետական ինստիտուտը:
Բանն այն է, որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը հետեւողականորեն պնդում է, որ Աղվանից քրիստոնեական եկեղեցին ավելի հին է, քան՝ ՀԱԵ-ն: Նրանք համարում են, որ Աղվանքում քրիստոնեության հիմնադիր է եղել Եղիշե առաքյալը:
Հայ առաքելական եկեղեցու վարկածով Աղվանքում քրիստոնեություն է քարոզել Լուսավորչի թոռ Գրիգորիսը: Եթե Մայր աթոռը ժխտում է Հայաստանում քրիստոնեության հաստատման լուսավորչական նախասկիզբը և ընդունում, որ Սուրբ Էջմիածնի գահը Թադեոս առաքյալինն է, ապա ո՞վ է այդ դեպքում Աղվանից եկեղեցու հիմնադիրը, Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորի՞սը, թե՞ Եղիշե առաքյալը:
Աղվանքի, Հայոց արևելից կողմանց պատմաշմշակութային ժառանգության, էթնիկ-քաղաքակրթական ինքնության հարցը վերջերս Բաքվում վերստին դրվել է որպես գիտական և քաղաքական առաջնահերթություն, որի իրացմանը լծվել է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան:
Ըստ երևույթին, այդ մարտահրավերի հանդեպ է, որ Նիկոլ Փաշինյանը դրել է Հայ առաքելական եկեղեցու «պետականացման» խնդիր: Մայր աթոռը, որքանով հասկացվում է նրա աջակիցների հրապարակումներից, մտադիր չէ կրոնա-պետական ինստիտուտի պատասխանատվություն ստանձնել, հրաժարվում է Տրդատ թագավոր – Գիրգոր Լուսավորիչ «ունիայից» և նախընտրում «կրոնական համայնքների առաջնորդությունը»:
Այդ իմաստով, եթե պայմանական ասենք, Մայր աթոռի համար Հայաստանի Հանրապետության և արտերկրի ցանկացած թեմի կանոնական տարածք նույնական է:
Առավել վտանգավոր է Աղվանից եկեղեցու նկատմամբ նախաթոռությունից հրաժարումը: Քրիստոնեական քարոզչի կերպարով Թադեոս, Բարդուղիմեոս և Եղիշե առաքյալները նույնական են:
Եվ եթե Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրը Թադեոսը և Բարդուղիմեոսն են, ուրեմն Աղվանքն էլ իր առաքյալն ունի՝ Եղիշեն, ուստի Աղվանքի, Հայոց արևելից կողմանց քաղաքակրթական ինքնությունը «հայկական չէ»: Սա Ալիևի քաղաքական նարատիվ է:






Բաց մի թողեք
Ի՞նչ կա այնտեղ, և ինչո՞ւ է Մոսկվան այդքան ցանկանում վերահսկողություն հաստատել ամբողջ տարածքի նկատմամբ
Վրաստանի ներկայության ֆոնին Հայաստանի բացակայությունը բավական ակնառու և խորհրդանշական է
Մի՛ միջամտեք եվրոպական ժողովրդավարությանը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդդեմ Թրամփի