Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ներքին արյունահոսություն, պոլիտրավմա, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, և 17-ամյա Արմեն Յ.-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա, կոնքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ։
Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, Գուրգեն Գ.-ն և Արմեն Յ.-ն Գորիս քաղաքի Խորենացու փողոցում սահնակով սահելիս բախվել են ճանապարհի եզրին տեղադրված քարե արգելապատնեշին, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքները։
Հաջորդ օրը՝ հունվարի 16-ին՝ գիշերը ժամը 00:20-ի սահմաններում, Գուրգեն Գ.-ն, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է, իսկ Արմեն Յ.-ի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծանր։
Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։






Բաց մի թողեք
6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար
ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելուն
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ Լուսանկար