29/04/2026

EU – Armenia

Հայաստանը պետք է անվտանգության համակարգային երաշխիքներ ունենա

Էր-Ռիադում ավարտվել է Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Կատարի, Սիրիայի, Թուրքիայի, Արաբական միացյալ էմիրությունների և Պակիստանի արտաքին գործերի նախարարների խորհրդատվական հանդիպումը, որի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը դատապարտում է տարածաշրջանի երկրների դեմ Իրանի դրոնային և հրթիռային հարձակումները:

Նախարարներն ընդգծել են, որ «նման գործողությունները ոչ մի հանգամանքում արդարացման ենթակա» չեն և Իրանին կոչ են արել «հարգել միջազգային իրավունքը և անհապաղ դադարեցնել հարձակումները»:

Այդ հանդիպումը և ընդունված փաստաթուղթը կարելի է անվերապահորեն համարել ամերիկա-իսրայելական դիվանագիտության լուրջ հաղթանակը, քանի որ հայտարարության տեքստում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Իրանը ենթարկվել է հարձակման:

Էր-Ռիադում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը առանձին հանդիպումներ է ունեցել թուրք և պակիստանցի պաշտոնակից Ֆիդանի և Դարի հետ: Ավելի վաղ նկատել ենք տվել, որ Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը «նախապատրաստվում են Իրանի մասնատմանը»:

Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերի հենակայանի գրոհը վկայում է, որ Ադրբեջանը շատ որոշակիորեն հաղթահարել է Իրանի դեմ հարձակումներին որեւէ կերպ մասնակցություն ունենալու «նախապաշարմունքը»:

Այս ֆոնին աչքի է զարնում իրողությունը, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման մեկնարկից ի վեր Հայաստանի վարչապետը Անվտանգության խորհրդի առնվազն երեք նիստ է հրավիրել: Անկասկած, Երևանը Իրանում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները քննարկում է ամենօրյա ռեժիմով:

Իրավիճակն, իրոք, «սահմանային» է, եթե իրանական վերնախավը ներքին համաձայնությամբ չընդունի պատերազմի դադարեցման ամերիկյան նախապայմանները, ապա Իսլամական հանրապետությունը կկանգնի փլուզման և տարածքային մասնատման իրական սպառնալիքի առաջ:

Պետք է արձանագրել, որ ամերիկա-իսրայելական հարձակման դեմ Իրանը բացարձակապես միայնակ է, նրան առարկայական աջակցություն չեն ցուցաբերում նույնիսկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և Չինաստանը:

Ավելի քան երկշաբաթյա թիրախային հարվածները փլուզում են ոչ միայն Իրանի անվտանգային ներքին համակարգը, այլև այն «առանցքը», որ Իսլամական հանրապետությունը տասնամյակներ ի վեր կառուցել է տարածաշրջանում և գլոբալ հարթությունում:

Այս դեպքում բավարար չէ, նույնիսկ վտանգավոր է ընկալումը, թե «Ռուսաստանը դավաճանեց հերթական դաշնակցին» կամ Չինաստանը «գերադասեց մեկուսի մնալ»: Իրականությունը պետք է գնահատել սթափ, եթե Մոսկվան և Պեկինը Թեհրանը փրկելու միջոց ունենային, ապա, անկասկած, գործի կդնեին:

Հայաստանը պետք է անվտանգության համակարգային երաշխիքներ ունենա: