ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, որին, երևում է, վերապահված է Կրեմլի խորքային ծրագրավորումները «ծաղրածուական ոճով» հրապարակայնացնելու դերակատարություն, թելեգրամյան գրառում է կատարել և «հիմնավորել», թե հետխորհրդային երկրներն ինչու «չեն կարող անդամակցել» Եվրամիությանը:
Նա չի հավատում ՆԱՏՕ-ից ԱՄՆ հեռանալու մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին և դիտարկել է հեռանկար, երբ եվրոպական երկրները «ՆԱՏՕ-ից էլ վտանգավոր ռազմական դաշինք կկնքեն»:
Մեդվեդևի գնահատմամբ, նախկինում, երբ Եվրամիությունը միայն տնտեսական ինտեգրացիայի կառույց էր, Ռուսաստանի համար հետխորհրդային երկրի ԵՄ-ին անդամակցությունը կարող էր ոչ այնքան հաճելի, բայց «տանելի լինել», եթե խոսքը «անգամ Ուկրաինայի մասին» էր:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում, ինչպես նախկին նախագահն է ձևակերպել, դա նշանակում է «անդամակցություն Ռուսաստանի թշնամի ռազմական դաշինքին»:
Մեդվեդեւը թույլ է տվել վիրավորական ձևակերպումներ անել Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, բայց այս դեպքում դա ավելի շատ թուլության, քան թե ուժի դրսևորում է, ինչի վրա սևեռվելու անհրաժեշտություն մանավանդ նախընտրական այս փուլում, թվում է, չկա: Ավելի կարևոր է Մեդվեդևի գրառման ենթատեքստի դիտարկումը, իսկ այն ոչ այնքան հետաքրքիր, որքան որ վտանգավոր է:
ՌԴ ԱԽ նախագահի տեղակալը փաստացի անոնսավորում է, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի դիմակայության սահմանը Ուկրաինայում չի ավարտվում, և Մոսկվան նախապատրաստվում է լայնածավալ հակամարտության:
Առկա իրավիճակում նա հասկանալի պատճառներով թիրախավորում է միայն Եվրամիությանը, բայց փաստը, որ նա ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների հեռանալանուն, այսինքն Ռուսաստանի հետ հավանական բախման ընթացքում Եվրոպային մենակ թողնելուն չի հավատում, վկայում է, որ ռազմավարական առումով Մոսկվան թշնամի է գնահատում նաև Վաշինգտոնին:
Սա չափազանց կարևոր արձանագրում է, որ ցրում է Ուկրաինայի հարցում ռուս-ամերիկյան «ընդհանուր ընկալումների» մասին քարոզչության տպավորությունը և բացահայտում, որ Մոսկվան հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքը շարունակում է գնահատել որպես Ռուսաստանի «ետնաբակ» կամ «նախաբաղնիք»՝ կախված նրանից, թե Արևմուտքի հետ գլոբալ դիմակայությունը ո՞ր ուղղությամբ կդրսևորվի:
Մեդվեդևի թելեգրամյան գրառումը հայաստանյան ընդդիմության և նրան հարող փորձագիտական շրջանակներում ոգևորության տեղիք է տվել, քանի որ նա «Նիկոլին տեղն է դրել»: Խորքային առումով խնդիրը Նիկոլ Փաշինյանի անձը կամ նրա գլխավորած ՔՊ կուսակցության քաղաքական ապագան չէ:
Մոսկվան Հայաստանին «առաջարկում է ռազմավարական դաշնակցություն», որ ապրիորի նրա անմիջական հարեւանների հետ էքզիստենցիալ հակամարտության կոդ ունի: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլև Վրաստանին ու Իրանին:
Այս իրավիճակում Հայաստանի ընդդիմությունը շեշտադրում է Հայաստան-Ռուսաստան տարաձայնությունների վտանգավորությունը: Դա հիմնականում օբյեկտիվ գնահատական է: Որևէ երկրի հետ ցանկացած լարվածություն ինքնին սպառնալիք է:
Բայց ընդդիմադիր ոչ մի շրջանակ, դատելով տեղեկատվական հոսքերից, չի փորձում գնահատել այլընտրանքային սպառնալիքը, երբ Հայաստանը Ռուսաստանի «դարավոր եղբայրությունը վերահաստատելով»՝ ավելի առարկայան խնդիրներ կունենա իր բոլոր անմիջական հարևանների հետ:
Մամուլի ասուլիսի կամ ֆեյսբուքյան «լայվի» եթերից, ինչ խոսք, խնդիր չէ հանրությանը ներշնչել, որ «շուտով Ռուսաստանը բոլորին ծնկի է բերելու, և Հայաստանը ստանալու է անվտանգ զարգացման փայլուն հնարավորություն»:
Մեդվեդևի բացահայտումները վկայում են, որ Ռուսաստանը դեռևս չի հաղթահարել «ռազմավարական պարտության ճգնաժամը» և չգիտի, թե երբ և ինչպես է հաղթահարելու:
Նման իրավիճակում, դա պրագմատիկ քաղաքականության առումով միանգամայն բնական եւ օրինաչափ է, Մոսկվան կարող է ընտրել «մանր զոհողություններով գլոբալ տերության կարգավիճակը պահելու» տարբերակը: Հայաստանի ընտրությունը մեկն է՝ խուսափել «մանրադրամի վերածվելու» էքզիստենցիալ սպառնալիքից:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը
Իջնողը Փաշինյանն է. աշխարհ, կանգնիր