29/04/2026

EU – Armenia

Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար

Ոչ լրիվ մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչուները երրորդ անգամ գրոհել են Ռուսաստանի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանը և խոշոր նավթամբարներն ու սպասարկող ենթակառուցվածքները։

Մոսկվան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է ուկրաինական եւ արեւմտյան մամուլի տեղեկությունները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, որ «նավթը նախատեսված էր արտահանման, այսինքն՝ այլ երկրների հանդեպ պարտավոորությունները կատարելու համար»։

Նա Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է նավթամթերքների համաշխարհային շուկայում «արհեստական դեֆիցիտ ստեղծելու» մեջ։ ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Տուապսե է մեկնել արտակարգ իրավիճակների նախարար Կուրենկովը, որ արդեն հասցրել է հեռախոսով զեկուցել իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին։

Այլ աղբյուրներ հայտնել են, որ պայթեցված պահեստարաններից «նավթը լցվել է Տուապսե գետը, որտեղ պաշտպանիչ ամբարտակներ են կառուցվում՝ կանխելու նավթի հոսքը Սև ծով»։ Փորձագետներից ոմանք ենթադրում են, որ Ուկրաինան զբոսաշրջային սեզոնին ընդառաջ Սև ծովի առափնյա տարածքներում «բնապահպանական աղետ է ծրագրում», ինչը նույնպես տնտեսական վնաս կհասցնի Ռուսաստանին։

Այս ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումները Մալիում թողել են Կիդալ քաղաքի իրենց դիրքերը։ Անցյալ շաբաթավերջին աֆրիկյան այդ երկրում զինված հեղաշրջման փորձ է կատարվել, որը կանխելու գործողություններին ներգրավվել է նաև ռուսաստանյան զորախումբը։

Ըստ արևմտյան աղբյուրների, ռուսական կողմը «ունի տասնյակ սպանվածներ և մոտ երկու հարյուր վիրավորներ»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անուղղակի հաստատել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումները «լիակատար շրջափակման պայմաններում մեկ օր հերոսական մարտ են մղել գրոհայինների հետ»։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բորիսենկոն Մալիում «Աֆրիկյան կորպուսի» կրած կորուստների համար մեղադրել է Ուկրաինային և ասել, որ «զինված հեղաշրջման փորձ ձեռնարկած գրոհայիններին նախապատրաստել են արեւմտյան երկրների և Ուկրաինայի զինվորական հրահանգիչները»։ ՌԴ փոխարտգործնախարարն, այդպիսով, ընդունել է, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում է ոչ միայն իր տարածքում, այլև անգամ Աֆրիկայում։

ՏԱՍՍ-ը հայտնել է, որ նախօրեին Ուկրաինայի համար դրոնների արտադրության որոշում է ընդունել նաև Նորվեգիայի կառավարությունը։ ՌԻԱ Նովոստին իր հերթին Գերմանիայի կառավարությանն անվանել է «չորրորդ ռեյխ» և հիշեցրել, որ համաշխարհային երկու պատերազմներն սկսել է այդ երկիրը։

Reuters-ի տեղեկություններով՝ ընթացիկ տարում Ռուսաստանի ռազմական ծախսերը կկազմեն 190 միլիարդ դոլար կամ բյուջեի 38 տոկոսը, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար։