24/05/2026

EU – Armenia

Հայաստանում ադրբեջանցիների «վերաբնակեցման» թեման ու համընդհանուր ստերը

Հայաստանում, ցավոք, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի անեքսիայից և հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ոչ ոք խնդրի նախապատմությանը չի անդրադառնում։

Ավագ սերնդի մարդիկ կհիշեն, իսկ եթե «մոռացել» են, հարկ է հիշեցնել, որ ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու մեր պահանջին Ադրբեջանը 1988թ․-ին հակադարձել է Հայաստանում ապրող ադրբեջանցիների «ինքնավարության իրավունքով», իսկ հաջորդ տարի ստեղծված Ժողովրդական ճակատ շարժումը առաջադրել է «եթե Հայաստանում ադրբեջանցի չի ապրում, Ադրբեջանում էլ հայ չպետք է ապրի» կարգախոսը։

ԽՍՀՄ փլուզման նախօրեին, կոնկրետ՝ 1991թ․ նոյեմբերի 25-ին, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունել է երկու որոշում՝ ԼՂԻՄ-ը լուծարելու և Վերին Ղարաբաղի ադրբեջանական բնակչության անվտանգությունը ապահովելու միջոցառումների մասին։ Երկրորդը գաղտնի իրավական ակտ է և առայսօր հրապարակված չէ։

Հայտնի է, որ «միջոցառումների կատարումը» վերապահվել է պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություններին։ Ըստ էության, դա ԼՂ հայ բնակչությունը պետական հոգածությունից զրկելու և նրան բռնատեղահանելու մասին որոշում է։

1994թ․ մայիսի 12-ի հրադադարն, այսպիսով, ոչ թե լուծում էր Աղդամի նկատմամբ Հայաստանի իրավունքի, այլ նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններում հայ բնակչության համահավաք ապրելու և քաղաքական կարգավիճակի իրավունքի հարցը

Հայաստանը կարո՞ղ էր բանակցությունների երկարուձիգ ընթացքում պահանջել, որ Ադրբեջանը չեղյալ ճանաչի ԼՂԻՄ-ը լուծարելու և հայ բնակչությունը բռնատեղահանելու մասին որոշումները։

Ոչ միայն կարող էր, այլև պարտավոր էր ԼՂ շուրջ տարածքների վերադարձը ուղղակի պայմանավորել այդ իրավական ակտերը առ ոչինչ ճանաչվելու անհրաժեշտությամբ, բայց չի արել։

Քառասունչորսօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությունը բռնատեղահանելու համար էր։ Եվ երբ 2022-23 թվականներին գիտակ մարդիկ ասում էին, որ «կարմիր գիծը հայ բնակչության բռնագաղթի բացառումն» է,- Ստեփանակերտի պսևդոէլիտան և Հայաստանի ներկայիս ընդդիմությունը նրանց «թրքաբարո» էր անվանում։

Ադրբեջանի Միլլի մեջլիսի իշխանական պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը պարզաբանել է Նիկոլ Փաշինյանի հավաստիացումը, որ իր «իշխանության օրոք երեք հարյուր հազար ադրբեջանցի Հայաստան չի վերադառնա»։

Ադրբեջանցի խորհրդարանականը փաստացի կրկնել է Ժողճակատի 1989թ․ կարգախոսը․ «Մենք սկզբունքորեն հարցը դնում ենք այնպես, որ Ղարաբաղ հայերի վերադարձը կապված է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հետ»։

Ահա թե ինչ է արժենում «Արցախը չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում» որոշումը, որ Ստեփանակերտում կայացվել է 2022թ․ ապրիլի 14-ին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի առաջարկության՝ ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնել, հասնել միջազգային կոնսենսուսի և ապահովել հայ բնակչության անվտանգությունը և իրավունքները։

Կարող է պարադոքսալ հնչել, բայց Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության «ելքը» Հայաստան ադրբեջանցիների վերադարձի «մուտքն» է` Նիկոլ Փաշինյանի միտքը։ Երբ նա ասում է «մեր իշխանության օրոք ադրբեջանցիները իբր Հայաստան չեն վերադառնալու»,- հասկացնում է, որ ինքը, ՔՊ կուսակցությունը, ընտրություններում հաղթելու դեպքում իր ձեւավորած կառավարությունը Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի հարց չի բարձրացնելու։