«Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։
Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ՛, չեմ գնալու», այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Եվ սա այն դեպքն է, երբ իրապես հնարավոր է ասել, որ «Նիկոլը ճիշտ է»: Այո, հանրությունը պետք է հեռացնի նրան, ասի՝ գնա: Իսկ դա ասելու ձեւը այն է, որ հանրության մեծամասնությունը, ընտրողների նկատելի, շոշափելի մեծամասնությունը հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս եւ քվեարկի:
Բայց, նաեւ ավելորդ է ասել, որ Փաշինյանի հեռանալու համար պետք է գնալ եւ ոչ թե պարզապես քվեարկել «ռոմանտիզմով», այլ միանգամայն ռացիոնալ ու պրագմատիկ հաշվարկով՝ այսինքն անցնելու եւ հետո արդեն կառավարման համակարգին տիրապետելու գործուն ներուժ ունեցող ուժերից որեւէ մեկի օգտին քվեարկությամբ:
Որովհետեւ, իշխանությունն անկասկած ընտրական պրոցեսը համալրել է առնվազն տասնյակի չափ մանր կուսակցություններով, որոնց խնդիրը ձայներ «փախցնելն» է:
Բայց, հանրությունը պետք է գնա ու քվեարկելով հեռացնի Փաշինյանին: Եվ, եթե այդ պարագայում նա չհեռանա, ապա կասկած իսկ չկա, որ հանրությունը հենց ինքն էլ տեր կկանգնի իր քվեարկության իրական արդյունքին:
Բայց, կրկնեմ, այդ իմաստով Փաշինյանը ճիշտ է՝ հանրությունը պետք է գնա ու հեռացնի նրան ընտրատեղեմասում, այլ ոչ թե խոհանոցում, տանը նստած: Որովհետեւ խոհանոցում տանը նստելը՝ եթե անգամ նստած տեղն ամենաթունդ խոսքերն են հասցեագրվում Փաշինյանին եւ նրա իշխանությանը, ընդամենը պասիվ գործողություն է նրա օգտին:
Հենց դա է նաեւ ակնարկը, թե՝ «700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա»: Նա նկատի ունի իհարկե 2021-ը: Այո, եթե մարդիկ չեն գնում տեղամաս, ապա ստացվում է, որ քիչ գնացողներից 700 հազարը դառնում են արդեն մեծամասնություն, այն դեպքում, երբ Հայաստանում կա գրեթե 2,5 միլիոն ընտրող:
Եվ 700 հազարը վճռում են պետության ճակատագիր: Հետեւաբար, եթե անգամ ունենալով այս օրինակը՝ 2,5 միլիոնի առնվազն 60-70 տոկոսը վեր չի կենում եւ գնում ընտրատեղամաս իր ապրած պետության ճակատագրի հարցում պատասխանատվություն արտահայտելու համար, ուրեմն հանձնում է իր ձայնը ակտիվ փոքրամասնությանը, հետեւաբար՝ պասիվ քվեարկում է գործող իշխանության օգտին:
Ըստ այդմ, պատասխանատվություն է ստանձնում ոչ միայն հետագա կատարվողի, այլ փաստացի՝ նաեւ մինչ այդ կատարվածի համար, թեկուզ տանը նստած:
Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

Բաց մի թողեք
Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը
Քաղաքական այս երեք ուժերը ստիպված են լինելու որեւէ պահի միավորել հնարավորությունները
Հայաստանում՝ ինչպես Սերբիայում. պատմական զուգահեռներ