08/06/2026

EU – Armenia

Հայաստանը «մտադիր է միանալ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռազմական կառույցի»

Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովը, ինչպես անգամ ռուսաստանյան «լոյալ» մամուլն է ընդունել, որևէ «դարակազմիկ գործարք» չի արձանագրել։ Նման խնդիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երևում է, նախապես չի էլ առաջադրել։

Նրան պետք էր հարթակ, որտեղ օտարերկրյա պետական-քաղաքական գործիչներից զատ, ներկա լինեին համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, որպեսզի հայտարարի, որ Ուկրաինայի հարցում «դույզն իսկ նահանջ չի լինելու»։

ՌԻԱ Նովոստիի խմբագրականը Պուտինի պետերբուրգյան ելույթը արդարացիոն անվանել է «Մյունխեն-2»։ Ռուսաստանի նախագահը մերժել է պատերազմը դադարեցնելու համար հանդիպում կազմակերպելու մասին Վլադիմիր Զելենսկու առաջարկությունը։ Դա ոչ այլ ինչ է, քան մարտական գործողությունները շարունակելու պատրաստակամության բացահայտում։

Հունիսի 7-ին Ուկրաինային նախագահ Զելենսկին մեկնել է Լոնդոն։ Ըստ տեղեկությունների, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք են ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը։

Ծրագրված է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի մասնակցությամբ քննարկվելու է Ուկրաինային ռազմական օժանդակությունը մեծացնելու հարցը։ Զելենսկուն կընդունի նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդը։

Եկող ամիս Անկարայում կգումարվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Տեղեկություն կա, որ Դաշինքի անդամ պետությունները «նախապատրաստվում են Ուկրաինային 70 միլիարդ դոլարի ռազմական աջակցության ծրագիր ընդունել»։

Այս համատեքստում «Նյու Յորք թայսմը» գրել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Թուրքիան «հեռացել է չեզոքությունից և թեքվել Ուկրաինայի կողմը»։ Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովի հարթակից Ռուսաստանի նախագահ Պուտինը Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ դրական է գնահատել, իսկ փոխարտգործնախարար Գալուզինը խոսել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի «մերձենալու» հնարավորությունից։

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը Եվրամիությունը համարել է «ռազմական կառույց, որ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված»։ Այդ գնահատականը նա հնչեցրել է՝ անդրադառնալով Հայաստանի «եվրոպական ձգտումներին»։

Ակնարկը թափանցիկ է։ Ըստ Օվերչուկի, Հայաստանը «մտադիր է միանալ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռազմական կառույցի»։ Ռուսաստանը փաստացի Հայաստանին առաջարկում է իր հետ դառնալ Եվրոպայի թշնամի։

Ուկրաինայում, ցավոք, պատերազմը երկարաձգվելու է։ Իրազեկ աղբյուրների տեղեկությամբ՝ Ռուսաստանը առնվազն ևս երկու տարվա համար շուրջ 400 միլիարդ դոլարի ռազմական ծախսեր է նախատեսում։ Ի՞նչ կտա լոնդոնյան «քառյակ» հանդիպումը։ ՌԻԱ Նովոստին հետխորհրդային տարածքը կոչել է «Ռուսաստանի պերիֆերիա»։

Հայաստանը կարո՞ղ է եվրոպական ձգտումներ ունենալ, բայց չդառնալ «Ռուսաստանի թշնամի»։ Հայաստանը կարո՞ղ է ԵԱՏՄ-ում մնալ, բայց չվերածվել «Եվրոպայի դեմ պատերազմում Ռուսաստանի ֆորպոստի»։

Լոնդոնյան «քառյակի» հանդիպմանը զուգահեռ Ստամբուլում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Հարավային Կովկասի երեք երկրները Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ են ջանքերը համադրել։