24/06/2026

EU – Armenia

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը. Լուսանկարներ

Հունիսի 23-ին Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձրաստիճան միջոցառման շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, զրուցակիցները քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված և համաձայնեցված ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության այս ուղղությանն առնչվող այլ հարցեր: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների վրա տնտեսական սահմափակումների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զարգացումները, ողջունել է ԵՄ ու ԵՄ անդամ երկրների կողմից ցուցաբերված աջակցությունը։ Նախանշվել են այս ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքների իրականացումը Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և տնտեսական նոր շուկաների բացահայտման ուղղությամբ։

Հունիսի 23-ին Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի հետ։

Սայմոն Մորդյուի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են այս ուղղությամբ առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման շուրջ երկկողմ աշխատանքների շարունակումն ու խորացումը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ կողմից ՀՀ կառավարությանը որպես բյուջետային աջակցություն տրամադրված ֆինանսական միջոցների կարևորությանը։ Զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան շփումների անհրաժեշտությունն առկա օրակարգերի առաջմղման համատեքստում։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքով ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց իրականացմանը, մասնավորապես «Կապակցվածության գործընկերություն» փաստաթղթի տրանսպորտային բաղադրիչի իրագործմանը վերաբերող հարցերին: Կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում, կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջմղումը:

Քննարկվել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր: