12/07/2026

EU – Armenia

Կողմերը օգոստոսի 8-ը «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու, իսկ եթե «չհիշեցնի՞»

Մերձավոր Արևելքի երկնքում գերիշխանության համար պայքարը նոր է սկսվում։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հաջորդ օրը գրել է հեղինակավոր The Jerusalem Post-ը, փոխանցել է իսրայելական vesty ռուսալեզու կայքը։

Հեղինակի գնահատմամբ, մինչ Իրանի ազդեցությունը «մարում է, նրա պրոքսիները թուլացած են, Իսրայելի ռազմավարական մրցակցի տեղը վճռականորեն զբաղեցնում է Թուրքիան»։

Պարբերականը մեջբերել է Իսրայելի ազգային անվտանգության նախկին խորհրդական Այլենդի այս գնահատականը: «Եթե Իրանը փորձում էր հրեական պետության շուրջը ստեղծել շիադավան «կրակե օղակ», ապա այժմ Անկարան ստեղծում է սուննիականը․ Թուրքիան ռազմական նավատորմ է կառուցում, զարգացնում է դրոնային արտադրությունը, ամրապնդվում է Սիրիայում»։

Լարվածությունը այն աստիճանի է հասել, որ, ինչպես The Jerusalem Post-ն է ձևակերպել, «որպեսզի Կոնգրեսում արգելափակի Թուրքիային F-35-ի վաճառքի գործարքը, Իսրայելը գործի է դրել ծանր հրետանին՝ հայերի ցեղասպանության ճանաչումը և Վաշինգտոնի հունական և հայկական ազդեցիկ լոբբիստների հետ համատեղում է ջանքերը»։

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը, թերևս, ավելի հետևողական էր, քան Թուրքիայինը: Բաքուն Երուսաղեմին հորդորել է «վերանայել» որոշումը։ Այդ ուղղությամբ կողմերի որևէ շփման մասին տեղեկություն առայժմ հայտնի է։ Կարելի է ենթադրել, որ գոնե այս փուլում Նաթանյահուն Ալիևի «խնդրանքը» չի քննարկի։

Այդ մասին անուղղակի վկայում են Ադրբեջանի ձեռնարկած քայլերը: Բաքուն առաջին անգամ իրական թռիչքային ռեժիմում ներկայացրել է դեռևս նախանցյալ տարի ձեռք բերած պակիստանա-չինական արտադրության արդիական կործանիչները, իսկ հուլիսի 10-ին Իլհամ Ալիևը ընդունել է ԱԹՍ-երի արտադրության առաջատար Baykar ընկերության գլխավոր տնօրեն Սելչուկ Բայրաքտարին։

Կողմերը քննարկել են Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-երի արտադրությունը ընդարձակելու և տեխնոլոգիապես զարգացնելու, Թուրքիայում ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման հետ կապված հարցեր։

Բաքվի իշխանական haqqin.az-ը այս ֆոնին անդրադարձել է ռազմատեխնոլոգիական ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը և այն գնահատել որպես «Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքային Հունաստանի հետագա ներգրավմամբ հակակշիռ ստեղծելու նախագիծ, որ Նյու-Դելին ձգտում է իրականացնել, որպեսզի Հարավային Կովկասում ազդեցություն հաստատի»։

Շուրջ մեկ տարի առաջ, երբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Վաշինգտոնում «փակում» էին հակամարտության էջը, իրավիճակը ավելի կանխատեսելի էր, բայց այդ ընթացքում հայ-ադրբեջանական պայմանագրի վերջնական ստորագրում տեղի չի ունեցել։

Կողմերը օգոստոսի 8-ը «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու։ Իսկ եթե «չհիշեցնի՞»։