Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Սկոնտո» մարզադաշտում հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2-3 հաշվով զիջեց «Ռիգային»։
Դիմակայության մեկնարկը բարեհաջող էր լատվիական ակումբի համար. առաջին խաղակեսում տանտերերը երկու գնդակի առավելություն ստացան։ 14-րդ րոպեին հաշիվը բացեց Յագո Սիկեյրան, իսկ 23-րդ րոպեին Ահմեդ Անկրան կրկնապատկեց այն։ Երկրորդ խաղակեսում հայկական թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը. 46-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 63-րդ րոպեին Սանդրո Լիման խփեց երևանյան թիմի երկրորդ գնդակը։ Այդուհանդերձ, հանդիպման հենց վերջնամասում՝ 90+4-րդ րոպեին, Ռամիրեսն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը և հաղթանակ պարգևեց «Ռիգային»։
Հիշեցնենք, որ առաջին խաղում հայկական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով, ուստի երկու հանդիպումների հանրագումարում գրանցվեց 4-3 արդյունքը՝ հօգուտ հայկական թիմի։ Սա պատմական իրադարձություն է ակումբի համար. «Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը, քանի որ մինչ այս երբեք չէր կարողացել նման արդյունք գրանցել այս մրցաշարում։
Որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» որպես մրցակից կունենա «Ֆլորիանա» (Մալթա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի հաղթողին։


Բաց մի թողեք
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին
«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. Լուսանկարներ
Կոչ ենք անում COP17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել. հայտարարություն