03/08/2026

EU – Armenia

Անկարան Մոսկվայի հետ «ուղղակի առերեսվելուց» հաջողությամբ խուսանավել է

Թուրքիան պաշտոնապես հաստատել է ավելի վաղ մամուլի հայտնած տեղեկությունը, որ թուրքական հինգ բազմաֆունկցիոնալ F-16 կործանիչներ՝ իրենց տեխնիկական և զինվորական անձնակազմերով հանդերձ տեղաբաշխվել են Էստոնիայի «Ամարի» ռազմաօդային հենակայանում։

Ըստ հաղորդագրության, որ առանց մեկնաբանությունների փոխանցել է Turkiye իշխանամետ պարբերականը, թուրքական «զորակազմը օգոստոսի 2026թ․ օգոստոսի 1 -ից մինչև նոյեմբերի 30-ը կկատարի Դաշինքի հյուսի-արևելյան սահմանի օդային տարածքի պահպանման խնդիրներ»՝ փոխարինելով պորտուգալացիներին։

Այդ որոշումը կայացվել է հուլիսի 7-8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի շրջանակներում։ Ըստ ավելի վաղ մամուլում տեղ գտած տեղեկությունների, Դաշինքի հյուսիս-արեւելյան սահմանի օդային տարածքի պաշտպանության չորսամսյա շրջանի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ օդաչուներին թույլ է տրվել «որոշում կայացնել ելնելով իրավիճակից՝ չսպասելով հրամանատարության ցուցումներին»։

Թուրք օդաչուները «գործողությունների ազատություն» են ստացել՝ կապված «առկա իրավիճակի առանձնահատկության» հետ։

Թուրքիան փաստացի չորսամսյա ժամկետով ստանձնել է Բալթիկայում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի սահմանի պարեկությունը։ Ռուսաստանը մերձբալթյան երկրներին պարբերաբար մեղադրում է իրենց օդային տարածքը ուկրաինական ԱԹՍ-երին «տրամադրելու» մեջ։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան նույն հաճախականությամբ այդ մեղադրանքները «լիովին անհիմն» են որակում։

Հուլիսի 31-ին Լեհաստանը արդեն պաշտոնապես հաստատել է, որ Լյուբլինի վոյեվոդության տարածքում «ռուսաստանյան X 101 բալիստիկ հրթիռ է պայթել»։ Ճիշտ է, վարչապետ Տուսկը մամուլի համար մեկնաբանել է, որ դա «հրթիռային կանխամտածված հարձակում» չէ, բայց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խստորեն դատապարտել է «Եվրամիության օդային տարածքի խախտումը»։

Ռուս-ուկրաինական պատերազմում «օդային հրադադարի» ոչ մի հեռանկար չկա, թեև Ուկրաինայի նախագահ Զելենսկին մի քանի օր առաջ դա «հնարավոր» էր համարել։ Բացառված չէ, որ օդային սահմանի «ոչ կանխամտածված խախտում արձանագրվի» նաև Բալթիկայի երկնքում, և թուրք օդաչուները գործեն ըստ հրահանգի։

Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ առաջիկա չորս ամիսները ռուս-թուրքական հարաբերությունների համար լուրջ փորձություն են լինելու։ Ճիշտ է, Թուրքիան գործում է ՆԱՏՕ-ի անդամի մանդատով, բայց ռուս-ուկրաինական պատերազմի բոլոր տարիներին Անկարան Մոսկվայի հետ «ուղղակի առերեսվելուց» հաջողությամբ խուսանավել է։

Բալթիկայի երկինքը կթշնամանցնի՞ նրանց, թե՞ կամրապնդի ռուս-թուրքական «անհաշտ մտերմությունը»։