Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջին անգամ այցելել է Բելգրադ և փակ բանակցությունների վարել Սերբիայի առաջնորդ Վուչիչի հետ։ Այդ առթիվ վերջինս շտապել է Ռուսաստանին «հանգստացնել», որ կողմերը ռազմական համագործակցության հարցեր «չեն քննարկել»։
Միջազգային մամուլը, մինչդեռ, ուշադրություն է դարձրել փաստին, որ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում երկու նախագահներն էլ խոսել են Իսրայելի հետ ռազմաարդյունաբերության և սպառազինությունների ձեռքբերման ոլորտներում համագործակցության մասին։
Սերբիայի նախագահը մանրամասնել է, որ սեպտեմբերին «շահագործման կհանձնվի ԱԹՍ-երի արտադրության գործարան»։ Այն կաշխատի իսրայելական տեխնոլոգիաների և սերբական արտադրական հզորությունների և ֆինանսական միջոցների հաշվին։ Ըստ Սերբիայի նախագահի, գործարանը «կունենա տասնյակ հազարավոր ԱԹՍ-եր արտադրելու հնարավորություն»։
Կարծես թե լրացնելով նրան, Ուկրաինայի նախագահը հրապարակայնացրել է, որ Իսրայելի հետ «քննարկվում է հակաօդային պաշտպանության միջոցներ գնելու հնարավորությունը»։
Համադրելով այս տեղեկությունները, լեհական Nexta կայքի մեկնաբանը եզրակացրել է, որ Իսրայելի հետ Սերբիայի և Ուկրանայի ռազմատեխնոլոգիական համագործակցությունը «չի կարելի դիտարկել որպես մեկը մյուսից անջատ գործընթաց, հակառակ դեպքում Վուչիչը և Զելենսկին փակ բանակցություններից հետո այդ մասին չէին հայտարարի»։
Ըստ երևույթին, այդ տեսակետը հիմնավոր է։ Սերբիայի նախագահը պատրաստվում է հրաժարական տալ և մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ նպատակ ունենալով գլխավորել կառավարությունը։
Զելենսկու Բելգրադ այցը, Վուչիչի հետ բանակցություններին հաջորդած հայտարարությունները, երևում է, նաև ներքաղաքական նշանակություն ունեն։ Վուչիչը ռուս-ուկրաինական զինված հակամարտության տարիներին Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկել, իսկ քաղաքական խոսույթում ձգտել է պահպանել «հավասար հեռավորության» սկզբունքը։
Օգոստոսի 8-ին նա միանշանակորեն հայտարարել է, որ Սերբիան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Վուչիչը նաև ակնարկել է, որ հակամարտության ավարտից հետո Սերբիան և Ուկրաինան կարող են ռազմավարական գործընկերներ լինել։
Սերբիայի նախագահի այդ հայտարարությունները, կարծես, վկայում են, որ սերբական հանրությունը Ուկրաինայի հարցում Ռուսաստանին հիմնականում չի աջակցում։ Այլ պարագայում Վուչիչը հազիվ թե բացահայտեր, որ կառավարության ղեկավար ընտրվելու դեպքում քաղաքական և գործնական առումով Ուկրաինայի հետ համագործակցության ուղեգիծ է որդեգրելու։

Բաց մի թողեք
Ծանոթացեք երիտասարդ եվրոպացիների հետ, որոնք գրանցվում են ծառայության
Գերմանիան պայքարում է «ամենօրյա» հիբրիդային պատերազմի հարձակումների դեմ, զգուշացնում է նախարարը
«Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա. Տեսանյութ, Լուսանկար