01/01/2026

ԱՄՆ – Իրան հարաբերություններում մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլան Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրանն ունի երեք շաբաթվա ընթացքում տասը միջուկային մարտագլխիկ ունենալու հնարավորություն:

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը հերթականն է ամերիկյան պաշտոնյաների շարքում, որոնք նշում են, որ Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում կարող է տնօրինել միջուկային մարտագլխիկ:

Նախորդ տարի օրինակ այդ մասին հայտարարել էին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները: Այսինքն, եթե համադրում ենք այդ հայտարարությունները, ապա տպավորություն է, որ Իրանը միայն անգիտության պայմաններում է, որ պետք է բաց թողներ միջուկային մարտագլխիկ տնօրինելու հնարավորությունը:

Իրանը բաց կթողնե՞ր անվտանգության այդպիսի երաշխիք ձևավորելու հնարավորությունը: Այս հարցը գուցե հռետորական է:

Այլ հարց է, որ Իրանը չի հայտարարում, եւ հնարավոր է չի էլ հայտարարի իր միջուկային կարգավիճակի մասին, խուսափելով ավելորդ լարում ստեղծելուց: Թեհրանի համար առանցքայինն, իհարկե, անվտանգային արտաքին ռիսկերի կառավարումն է, այլ ոչ թե միջուկային կարգավիճակի մասին հայտարարությունը:

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի հարցում ինքը նույնքան բարձր չի համարում հավանականությունը, որքան ամիսներ առաջ: Սա, իհարկե, թերևս հնարավոր է վերագրել այսպես ասած դիվանագիտական մանևրին, քան համարել իրան-ամերիկյան բանակցության արգելակման որևէ նախանշան:

Ավելին, ամերիկա-իրանյան բանակցությունը արժեքավոր է գուցե ինքնին որպես գործընթաց, որի արդյունքն, իհարկե, չի կարող ձգվել անվերջ, բայց նաեւ թերևս չկա շտապելու անհրաժեշտություն:

Մեծ հավանականությամբ, Թրամփի համար այդ հարցը կարող է լինել նախընտրական խաղաքարտ 2026 թվականին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների համար, հետևաբար ԱՄՆ նախագահը գուցե մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»: