27/07/2024

Ընդդիմությունն ունի երկու նպատակ՝ տալ միջանցք և Հայաստանը մտցնել Միութենական պետության կազմ․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դեռ 2022 թվականին ասում էի, որ այս ընդդիմության կողմից «միջանցքի» մասին հայտարարությունները «նախընտրական խոստումներ» են այն սուբյեկտներին, որոնք ընդդիմության կարծիքով կարող են իրենց բերել իշխանության։

Այս թեմայով նաև ելույթ եմ ունցել ԱԺ ամբիոնից։ Ընդդիմությունը սրան կամ չի արձագանքել, կամ արձագանքել է ինչ-որ ջղաձգումներով։
2024 թվականին, սակայն ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից մեկը` Շարմազանովը, փաստացի խոստովանեց, որ իրենք բնավ դեմ չէին Ադրբեջանի և Ռուսաստանի ցանկացած «միջանցքը» տալուն։

Հիմա թույլ տվեք հենվելով այս ապացուցված ճշմարտության վրա մի պնդում ևս անել. ընդդիմությունը ունի երկու նպատակ.

1. Տալ միջանցք։

2. Հայաստանը մտցնել Միութենական պետության կազմ։

Ուրիշ բան, որ ընդդիմության մի մասը լավ չի հասկանում, կամ գործի կեսից է հասկանում, թե ինչի համար են իրեն փողոց հանում, հակասահմանադրական իշխանափոխության դրդում, բայց պարագլուխները միանշանակ տեղյակ են։ Այս առումով չափազանց կարևոր է Ռոբերտ Քոչարյանի հայտնի ասուլիսում հնչեցրած միտքը,- «Զուտ անվտանգության տեսանկյունից իմ տեսանկյունն այնպիսինն է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք»։

Ակնհայտ է, որ օրերը տաքանալուն զուգընթաց ընդդիմությունը փորձելու է նորից խցանումներ առաջացնել Երևանում՝ «ավելի մեծ միավորում տեղավորվելու» անհագ փափագով»։