13/04/2024

Ինչ է ուզում փրկել Միհրան Պողոսյանը, և ինչ է նա կորցրել 2018 թ.-ին Հայաստանում

Որպես «գիժ ամիս» հատնի մարտը կարծեք դեռ չի սկսել իր գժությունները, իսկ այ ընդդիմադիր «մարտադաշտը» արդեն իսկ ցնցվեց երեկ հայտնի դարձած «գժական» նորությունից. «ԴԱՀԿ-ի Միհրան» անունով հայտնի Միհրան Պողոսյանը, որը երկիրը լքել է հեղափոխությունից հետո ու պոկվել Մոսկվա, լքել-պոկվել է նաեւ Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից, հիմնել է սեփական կուսակցությունը՝ «Հայոց համազգային միասնություն»։

Սակայն սա «գժության» ամբողջ ծավալը չէ, որի մասին տեղեկացավ հանրությունը. ՀՀ արդարադատությունից մազապուրծ եղած նախկին բարձրաստիճան ու սկանդալային վարքով պաշտոնյան պատրաստվում է իր կուսակցությունով համախմբել աշխարհասփյուռ հայությանն ու փրկել այն երկիրը, որից 5 տարի առաջ փախել է, այն ժողովրդին, որի վճարած հարկերից աշխատավարձ է ստացել ու (ըստ իրավապահների) չարաշահել իր լիազորությունները՝ հափշտակել, փողերի լվացմամբ զբաղվել:

….(Պողոսյանին մեղսագրվող արարքների «փաթեթն» էլ ավելի ընդգրկուն է)։ Հարգում ենք նախկին պաշտոնյայի անմեղության կանխավարկածը, բայց միաժամանակ չենք կարող հարկադրել մեզ՝ չկասկածելու նախկին գլխավոր հարկադիր կատարողի փրկչական մղումերի ազնվությանը, այն էլ, երբ փրկության օբյեկտը հայրենիքն ու ժողովուրդն են։

Պողոսյանը, անշուշտ, կարող է եւ պետք է մտածի փրկության մասին, բայց ոչ թե այլոց եւ հատկապես հայրենիքի, այլ առաջին հերթին իր բարի համբավի ու հեղինակության։ Մինչդեռ, երբ համացանցում որոնենք նրա անձնական տվյալներն ու անցնեք նորին ամենագիտություն «Գուգլ»-ի մատուցած հղումների վրայով, մեծ հավանականությամբ կեզրակացնենք՝ Պողոսյանի հեղինակությունն այլեւս փրկել չի լինի, այդ կարեւոր բանն անելու պահը բաց է թողնվել շատ վաղուց, դեռ այն ժամանակվանից, երբ Սերժ Սարգսյանի նկարը կախված էր ԴԱՀԿ ծառայության պետի կաբինետի պատին, եւ նրա ձեռքին էր «չագուչն էլ, մեխն էլ»։

Այդ դեպքում՝ է՞լ ինչ պետք է շահագրգռված լինի փրկել Պողոսյանը, քանի որ քաղաքական գործչի համար ամենակարեւոր բանը՝ հեղինակությունը, փրկել այլեւս չի կարող։ Պատասխանն ակնհայտ է՝ ավելի թանկ մի բան՝ պաշտոնավարման տարիներին կուտակած ունեցվածքը, որի օրինականությունը ՀՀ դատախազությունը վիճարկում է Հակակոռուպցիոն դատարանում եւ պահանջում հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մասնավորապես «ՉԱՅԽՈՆԱ 1» ՍՊ ընկերության (ք.Երեւան, Կենտրոն, Հյուսիսային Պողոտա 3, 85/1) փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 50 տոկոս բաժնեմասը, «ԱԿՈՒԱ» ՍՊ ընկերության՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը, «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության (ք.Ծաղկաձոր)՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը, «ՖՐՈՒՏԻՄԷՔՍ» ՍՊ ընկերության՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը, «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը, «ԲԱՆԱՆԵԿ» ՍՊ ընկերության՝ փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը:

Այս բոլոր ընկերությունները գրանցված են այլոց անուններով, քանի որ Պողոսյանը չի ցանկացել իր բարի անունը կապել առուծախի հետ՝ փոխարենը վայելելով ուրիշների անուններով գրանցված ընկերություններից ստացված բարիքները։

Ահա թվարկված գույքը բռնագանձելուց փրկելու համար Պողոսյանը հաստատապես ազնիվ շահագրգռություն ունի, որին գրամ անգամ չենք կասկածում։ Հետեւապես, Պողոսյանը կարող է ավելի անկեղծ լինել վերջին մի քանի տարիներին տարատեսակ փրկիչների առնչված ու մինչեւ կոկորդը կուշտ ժողովրդի հետ ու բացահայտել քաղաքական պայքար սկսելու գլխավոր շարժառիթը։

Միհրան Պողոսյանը, ինչպես եւ նախքան այս «մարտադաշտ» մտած մյուս պոտենցիալ փրկիչները, որքան էլ այդ պսեւդոառաքելությունն իրացնելիս առաջնորդվեն նեղ անձնական շահագրգռությամբ, բայցեւայնպես զերծ չեն արտաքին ազդեցությունից եւ կատարում են այլ շահագրգիռ սուբյեկտների թելադրանքը։ Իսկ թե հատկապես ո՞ր, կարելի է հեշտությամբ կռահել՝ տեղորոշելով փրկիչների գտնվելու վայրը։

Պողոսյանի եւ նրա կարգավիճակում գտնվող այլ ֆիգուրների պարագան ունի իր առանձնահատկությունը․ նրանք խոցելի են, քանի որ գտնվում են այլ երկրի պաշտպանության ներքո (Պողոսյանը փախստականի կարգավիճակ ունի), ուստի նրանց կարգավիճակը կարող է օգտագործվել ապաստան տրամադրած երկրի կողմից՝ դրդելով փոխշահավետ գործարքի․ հայրենիքը փրկելու սենտիմենտալ փաթեթավորմամբ պրոցես է նախաձեռնվում, որի հաջողելու պարագայում սպասարկվում է «ազդող սուբյեկտի» շահը՝ Նիկոլ Փաշինյանը հեռացվում է, կանխվում է ՀՀ-ի վեկտորալ փոփոխությունը, եւ այսպիսով միաժամանակ սպասարկվում է «ազդվող սուբյեկտի» շահը՝ (իդեալական սցենարի դեպքում) Փաշինյանին հեռացնելուց հետո ինքն է ստանձնում իշխանությունն ու փրկում է անձնական ունեցվածքը, կամ էլ մեկ ուրիշն է ստանձնում իշխանությունը, բայց նույնիսկ այս պարագայում շանս է տրվում փրկել սեփական ունեցվածքը բռնագանձվելուց։

Պատահական չէ, որ կայքերից մեկին տված իր հարցազրույցի վերջում (հենց այդ հարցազրույցում էլ Պողոսյանը հայտնեց կուսակցություն բացելու ու իր քաղաքական պլանների մասին), արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ ՌԴ իշխանությունները ձեզ կարողանում են այստեղ ապաստան տալ՝ չարտահանձնել, մտավախություն չկա՞, որ ինչ-որ պահի ձեզ կարտահանձնեն՝ թույլ տալով հայտնվել ՀՀ իրավապահների ձեռքում՝ Պողոսյանը խոցված արձագանքեց․

«Ճիշտ ասած՝ շատ մտավախություններ շատ հարցերում կան, բայց մենք վերացել ենք բոլոր խնդիրներից, մենք ունենք էսօր մի խնդիր ու նպատակ․․․ Մենք խնդիրների լուծման ճանապարհն ենք ցույց տալիս։ Ես էսօր անձի մասին ավելորդ եմ համարում խոսել, մենք էսօր խոսում ենք մեծ խնդիրների, մեծ հարցերի մասին, պետության մասին։ Ինձ կարտահանձնեն, չեն արտահանձնի․․․դե հիմա կարտահանձնեն, թող արտահանձնեն, եթե պետք ա արտահանձնեն։ Մենք խոսում ենք երկրի փրկության մասին, երկիրն ա ընդեղ կործանվում ու քանդվում, երկիրն ա, հա, հանձնվում։ Հիմա ինձ կհանձնեն, չեն հանձնի, դա չի էսօր մեր առաջնային խնդիրը եւ, Աստծու սիրուն, իրականում դա իմ համար հարյուրերորդական է, ճիշտ հասկացեք»։ (Նկատենք, որ իր արտահանձնումը հարյուրերորդական հարց է համարում մեկը, որը հարցազրույցի սկզբում խրոխտ հայտարարում էր, թե ժամանակին կարողացավ (ասել կուզի՝ «շուստրի» գտնվել) դուրս գալ երկրից ու «չհայտնվել բանտի խցերում»)։

Պողոսյանի վերոհիշյալ ուղերձը՝ արտահանձնելու վերաբերյալ, ակնհայտորեն ուղղված էր ՌԴ-ին, թե՝ ինձ մի հանձնեք, այլ շանս տվեք ձեր հանձնարարությունը՝ «կործանվող, քանդվող, հանձնող» երկրի փրկությունը տրամաբանական ավարտին հասցնել։ Խոստանում եմ չհիասթափեցնել։