23/12/2024

ԱՄՆ-ը կրկին տեղեկատվություն կփոխանցի Ռուսաստանին հնարավոր ահաբեկչության մասին, եթե նման լուր ունենա․ Միլլեր

ԱՄՆ-ը կրկին հետախուզական տեղեկատվություն կփոխանցի Ռուսաստանին հնարավոր ահաբեկչության մասին, եթե նման տեղեկություն ունենա։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Եթե ապագայում մենք ունենանք հետախուզական տվյալներ, ինչպիսիք ունեինք այս հարձակման վերաբերյալ (Crocus City Hall), մենք, իհարկե, այն կտրամադրենք Ռուսաստանի կառավարությանը, քանի որ մենք չենք ցանկանում, որ ահաբեկչական հարձակումները հաջողությամբ ավարտվեն որևէ վայրում։ Մենք չենք ցանկանում, որ ռուս ժողովուրդը տուժի»,- հայտարարել է Միլլերը։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը վստահեցրել է, որ Վաշինգտոնը մարտի սկզբին տեղեկություն էր փոխանցել Մոսկվային Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվող ահաբեկչության մասին։ Նաև նշել է, վստահեցրել է, որ Կիևը կատարվածի հետ կապ չունի։

Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել էր Մոսկվայում առկա ահաբեկչական սպառնալիքի մասին։

Նշենք, որ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոնևս հայտարարել էր, որ Եվրամիությունը որևէ ապացույց չունի, որ Ուկրաինան կարող է կապված լինել Մոսկվայի Crocus City Hall-ի ահաբեկչության հետ։