12/12/2024

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, որ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպումը ներառական չէ և կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այս հանդիպումից հետո կկիսեն պատասխանատվությունը հետագա հնարավոր էսկալացիայի համար։

«Ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանություններին։ Այս հանդիպման առանցքում տնտեսական դիմակայությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչպե՞ս կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստացնել աշխարհի որևէ մի երկրի»,- ասել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, թե Եվրամիությունն ու ԱՄՆ-ը միասին կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» գործողության համար:

«Նեղվելով» այս հանդիպումից ու այն փաստից, որ այն անցնելու է առանց Ադրբեջանի՝ երկրի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովն «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա»։