27/07/2024

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):

Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից ու վերադարձ դեպի Տերը:

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը:

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

Սկիզբ է առնում հրեաների կողմից նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից` անդրանիկ զավակների կոտորածից: Համաձայն քրիստոնեական ուսմունքի` այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման` հանուն մարդկության փրկության: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Պողոս Առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8):

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է:Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա: Այս տարի Սուրբ Զատիկը նշվում է մարտի 31-ին:

Մարտի 30-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Արտակ Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով Հարության խորհրդին, ի մասնավորի նշեց. ««Չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. ԻԴ 6) խոսքերը, որոնցով Քրիստոսի գերեզման այցելած յուղաբեր կանանց դիմավորեց հրեշտակը, ամենքիս համար հնչում են որպես ավետիս: Սակայն Քրիստոսի թաղումից հետո աշակերտների՝ անորոշության մեջ դեգերող միտքն ի վիճակի չէր ընկալելու այս խոսքերում թաքնված ուրախությունը։ Անորոշության ու հուսահատության խավարը ցրելու համար, հարությունից հետո, Քրիստոս տարբեր վայրերում հայտնվում է Իր աշակերտներին և Իրեն հետևող բազմաթիվ այլ մարդկանց»:

Այնուհետև, անդրադառնալով Փրկչի հետհարության երևումներին՝ մասնավորապես Ղուկասի Ավետարանում հիշատակվող Էմմավուսի ճամփորդների դրվագին, պատարագիչ Սրբազանն ընդգծեց. «Սուրբ Հարության ճրագալույցի այս երեկոյան տեսնում ենք, որ Քրիստոսի հետ անցել ենք երկար մի ճանապարհ, ավելի երկար, քան Երուսաղեմն Էմմավուսից բաժանող տասնմեկ կիլոմետրերը։ Եկել ու հասել ենք մի հանգրվանի, որտեղ մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր կյանքի կարևորագույն որոշումը՝ ընդունել Հարուցյալ Տիրոջը մեր հոգիներում ու սրտերում»:

Վերջում Արտակ Սրբազանը, հորդորեց հավատացյալ ժողովրդին Հարուցյալ Աստվածորդու ձեռքն ամուր բռնած անսայթաք քայլել դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհով, որտեղ գրկաբաց մեզ է սպասում բազմագութ և սիրող հայրը։

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք: